Վարդան Սեդրակյանին դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության կենթարկե՞ն

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստանյալ Խաչիկ Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը: Պաշտպանը միջնորդել էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրում հայտնաբերված արնանման հետքերն ու պարզել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են Պարույր Հայրիկյանին, թե՞ ոչ:

Նիստի ընթացքում կողմերը կարծիք հայտնեցին նաև պաշտպանի մեկ այլ միջնորդության մասին: Այս անգամ Լ. Ավետիսյանը միջնորդել էր գործով երեք ամբաստանյալներին՝ Խաչատուր Պողոսյանին, Սամվել Հարությունյանին և Վարդան Սեդրակյանին դատահոգեբանական և դատահոգեբուժական փորձաքննության ենթարկել: Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը միջնորդությանը միացավ մասնակիորեն՝ նշելով, որ Վարդան Սեդրակյանին փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն չկա «առնվազն այն պատճառով, որ ինքը դեպքին առնչություն չունի»:

Վարդան Սեդրակյանը ևս միացավ իր պաշտպանի կարծիքին՝ կրկին նշելով, որ ՀՀ չորրորդ նախագահ դառնալու մասին իր հայտարարություններն իր նկատմամաբ դատահգեբանական և դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու հիմք չեն: Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանն առարկեց միջնորդության դեմ:

Տուժող Պարույր Հայրիկյանը, ինչպես նաև նրա ներկայացուցիչը, ասաց, որ միջնորդության լուծումը թողնում է դատարանի հայեցողությանը՝ միաժամանակ ասելով, որ իրեն հայտնի չէ դեպք, երբ նման փորձաքննության կարիք ունեցող անձը հայտարարի, թե իրեն փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն կա:

Պ. Հայրիկյնաը նշեց նաև, որ իր այդ ընկալումը կարող է սուբյեկտիվ լինել: Դատարանն այժմ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Ի դեպ, դատարանում ընդմիջման ժամանակ լսելի էր ամբաստանյալ Վարդան Սեդրակյանի և նրա կնոջ խոսակցությունը: Վարդան Սեդրակյանը կնոջը հորդորում էր այս անգամ կալանավայր գիրք չուղարկել:

Տեսանյութեր

Լրահոս