Հայրիկյանը ևս դեմ է՝ դեպքի վայրում հայտնաբերված արյան հետքերը փորձաքննության ենթարկելու միջնորդությանը

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վաևչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստը: Նիստի վերսկսումից հետո դատավոր Գագիկ Պողոսյանը մերժեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի միջնորդությունը՝ դատատեխնիկական փորձաքննություն անցկացնելու մասին:

Դատարանում կողմերը կարծիք հայտնեցին նաև պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի՝ կենսաբանական փորձաքննություն անցկացնելու միջնորդության մասին: Մեղադրող կողմը, ինչպես նաև տուժող կողմը, դեմ արտահայտվեցին միջնորդությանը:

Նշենք, որ պաշտպանը միջնորդությամբ խնդրել էր կենսաբանական փորձաքննության ենթարկել դեպքի վայրում հայտնաբերված արնանման հետքերը, պարզել՝ արդյոք դրանք պատկանո՞ւմ են մարդու, եթե դրանք մարդու արյան հետքեր են, ապա պատկանում են տղամարդո՞ւ, թե՞ կնոջ, իսկ եթե պատկանում են տղամարդու, ապա տուժող Պարույր Հայրիկյանի արյո՞ւնն է, թե՞ ոչ:

Տուժող Պարույր Հայրիկյանը ևս դեմ արտահայտվեց միջնորդությանը: «Եթե ես ասեի, որ իմ վրա չեն կրակել, և սուտ է ասում ամբաստանյալը, այս դեպքում դա հասկանալի կլիներ: Ամբաստանյալն ասում է՝ ես կրակել եմ»,- ասաց նա: «Ինքն ասում է՝ կրակել եմ, ես էլ չեմ հակադրվում իր ասածին: Այնպես որ՝ միջնորդությունն ինձ համար անհասկանալի է»,- հավելեց նա:

Տեսանյութեր

Լրահոս