Գալուստ Սահակյանը՝ ՀՀԿ ԳՄ նիստի, ՀՀԿ-ականների պահվածքի և ընդդիմության «հրճվանքի նոպաների» մասին
Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստին նախորդող օրերին խոսվում էր իշխող մեծամասնության մեջ առկա լարվածության մասին, որը, ըստ մամուլի հրապարակումների, ստեղծվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մոտ շաբաթ օրը տեղի ունեցած քննարկումներից հետո:
Այս առնչությամբ 168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց՝ նիստի ընթացքում իսկապե՞ս ՀՀԿ-ի «պահվածքի» հարցը քննարկվել է, հնչե՞լ են արդյոք նկատողություններ: Ի պատասխան՝ Գալուստ Սահակյանն ասաց. «Դա մեր հերթական նիստն էր, որտեղ պետք է քննարկվեին նաև խորհրդարանում ՎՊ հաշվետվության անցքերի հետ կապված հարցերը: Այս առումով խոսակցություններ եղան»:
Գալուստ Սահակյանը պնդում է` մեծամասնության «պահվածքը» պետք է քննարկվի, այն էլ` բավական լուրջ. «Մենք չկարողացանք հասնել այն նիշին, որ հանրությանը ներկայացվեր խորհրդարանում այն, ինչ կա: Հասարակությունը, քաղաքական շրջանակները տրամադրված են հաշվետվությամբ նաև խարազանել իշխանություններին: Բայց կարծում եմ, որ ԱԺ նիստը բուռն էր: Դասեր կարելի է այս ամենից քաղել ու քննարկումները ոչ թե քաղաքական շահարկումների տակ պահել, այլ` հանրությանը ներկայացնել այն, ինչ կա: Այս առումով էլ որոշակի քայլեր ձեռնարկվեցին, բայց կարելի է նաև առավելագույնի հասնել»:
Ինչ վերաբերում է տեսակետներին, թե ՀՀԿ ԳՄ նիստում նկատողություններ պետք է հնչեին ՀՀԿ-ականների ընդդիմադիր ելույթների համար, Գալուստ Սահակյանը նկատեց. «Որևէ մեկի կողմից ընդդիմադիր ելույթ չի եղել` հարցադրումներ են եղել ավելի կոշտ, որ հնարավորինս ՎՊ-ն ու կառավարությունը մինչև վերջ իրենց ասելիքը կարողանան ասել հանրությանը: Ելույթները բավական սփոփիչ ելույթներ էին, խմբակցության տեսակետն էլ կառուցողական էր»:
Ճշտող հարցին, թե՝ այդ «կոշտ» գնահատականների համար դիտողություններ չեղա՞ն, նա պատասխանեց. «Մեր կուսակցությունը դիտողությունների կուսակցություն չէ, քննարկումների, եզրահանգումների կուսակցություն է: Գնահատականն ԱԺ նիստի բավարար էր, սակայն արդյունքները մեզ էլ դուր չեն գալիս, որովհետև հասարակության մեջ տպավորություն ստեղծվեց, թե ամբողջ բյուջեն թալանվել է: Այնինչ նման խնդիր չկա: Մենք պարզապես փորձում էինք ավելի բնութագրական դարձնել»:
Նրա խոսքով` քաղաքական մեծամասնությունն ավելի բացարձակ պայքարելու ու իրողությունն ավելի ճիշտ ներկայացնելու խնդիր ունի:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե համաձա՞յն է հնչող կարծիքներին, թե ՀՀԿ-ն ԱԺ-ում ՎՊ քննարկումների ժամանակ կառավարությանը «մենակ» էր թողել: Ի պատասխան՝ նա նշեց. «ՀՀԿ-ի գնահատականը խմբակցության տեսակետն էր, որը զուսպ էր: Կառավարությանն էլ մենակ թողնել հնարավոր չէր` սա մեկ թիմ է: Մենք կարողացանք հնարավորություն տալ, որ կառավարությունը լիարժեք ներկայանար հանրությանը: ՀՀԿ-ն կառավարությանը կոշտ գնահատականներ չէր կարող ցույց տալ»:
Նրա հավաստմամբ՝ բոլորը պայքարում են, որ որևէ լումա ավելի չծախսվի, իսկ ընդդիմադիր գործիչների «հրճվանքի նոպաները» խեղաթյուրեցին ողջ գործընթացը: