Ստեփան Սաֆարյանը` Սյունիքի նոր մարզպետի մասին
Երեկ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի նիստում ՀՀԿ ղեկավար և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնում առաջարկեց ՀՀԿ-ական պատգամավոր Վահե Հակոբյանի թեկնածությունը: Առաջարկը, ըստ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի, ընդունվել է միաձայն:
«Ժառանգություն» կուսակցության վարչության քարտուղար Ստեփան Սաֆարյանը, 168.am-ի հետ զրույցում` խոսելով Սյունիքի նորանշանակ մարզպետի մասին և զերծ մնալով անձնական կամ կառավարչական կարողություններին որևէ գնահատական տալուց, նշեց, որ, իր կարծիքով, չէր կարելի մարզպետ նշանակել մեկին, որի հետևանքով մարզում կարող է շահերի բախում տեղի ունենալ:
«Վերջին հաշվով, դա այն մարզն է, որտեղ Վահե Հակոբյանը և իր ընտանիքը` հոր գլխավորությամբ, շահագործում են պղնձամոլիբդենային հանքավայրը, և կարծում եմ, որ նրան նշանակելը ճիշտ քայլ չէր»,- ասաց Ս. Սաֆարյանը:
Նշենք, որ Վահե Հակոբյանը «Զանգեզուրի պղնձամոլիբդենական կոմբինատի» տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին է:
Իսկ Էդուարդ Շարմազանովի այն բնորոշման վերաբերյալ, թե «Վահե Հակոբյանը ունի մեծ փորձ, վայելում է սյունեցիները հարգանքն ու սերը», «Ժառանգության» ներկայացուցիչն այսպես արտահայտվեց.
«Եթե հավատանք հանրապետականների հայտարարությանը, Սյունիքում Սուրեն Խաչատրյանն էլ է վայելում ժողովրդի հարգանքն ու սերը: Ցավոք սրտի, ՀՀԿ-ի հայտարարությունները հավատ չեն ներշնչում»:
Հիշեցնենք, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պաշտոնանկ արվեց Գորիսում իր առանձնատան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպի և դրանից հետո առաջացած հասարակական դժգոհության արդյունքում: