Բաժիններ՝

Գազն ու էլեկտրաէներգիան հուլիսի 7-ից թանկանում են

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնական տեղեկատվության համաձայն` կիրակի օրվանից՝ հուլիսի7-ից, գազն ու էլեկտրաէներգիան թանկանում են: Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ այդմ բնակչությանը, այսինքն ամսական մինչև 10 հազար խորանարդ/մետր գազ սպառողներին մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի փոխարեն կվաճառվի 156 դրամով։ Իսկ 10 հազար խորանարդ մետրից ավելի սպառողների համար յուրաքանչյուր հազար խորանարդ մետրը կվաճառվի 276 դոլարին համարժեք դրամով։ Գազի գնի բարձրացման պատճառով բնակչության համար 8 դրամով կթանկանա նաև մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:

Այսպիսով, չնայած երեք շաբաթից ավելի տևած քաղաքական, հանրային քննարկումներին, առաջարկներին, դժգոհության ալիքին, գազի և էլեկտրաէներգիայի համար սահմանվեցին ճիշտ նույն սակագները, որ նախապես առաջարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը։ Ինչ վերաբերում է տրանսպորտի թանկացմանը. գազի թանկացման հետ կապված հասարակական տրանսպորտի գների առաջիկա բարձրացման վերաբերյալ մեր հարցմանն ի պատասխան Երևանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Արթուր Սարուխանյանը փոխանցեց, որ առայժմ քաղաքապետարանը տրանսպորտի սակագնի փոփոխման վերաբերյալ որևէ հայտ չի ստացել.

«Ես կփորձեմ զերծ մնալ կանխատեսումներից, կարող եմ փաստել միայն, որ այսօրվա դրությամբ ժողովրդին տրանսպորտով սպասարկող որևէ ընկերություն ուղեվարձի սակագնի վերանայման հարցով Երևանի քաղաքապետարան չի դիմել։ Կարգը այսպես է՝ մրցութային կարգով երբ ընկերությունը հաղթում է երթուղին սպասարկելու համար, այնտեղ նշված է նաև սպասարկման սակագինը։ Որպեսզի սակագնում փոփոխություն կատարվի, տվյալ ընկերությունը պիտի դիմի քաղաքապետարան, որ վերանայվի սակագնի հարցը։ Այս պահի դրությամբ որևէ ընկերություն չի դիմել»։

Կարդացեք նաև

Չնայած տնտեսվարողները չեն դիմել, բայց տաքսիների և երթուղայինների վարորդներն անխուսափելի էին համարում տրանսպորտի գնի բարձրացումը: Երթուղայինների վարորդները 20-ից մինչև 50 դրամով թանկացում էին կանխատեսում, փաստելով, որ 100 դրամ ուղեվարձի դեպքում թանկության ծանրությունը կընկնի վարորդների վրա, որովհետև սովորաբար նրանք իրենց գրպանից են վճարում գազի լիցքավորման դիմաց։ Երթուղայինների վարորդներից մեկը մեզ հետ զրույցում փաստեց, որ որոշ լցակայաններում վերջին 2 օրերին արդեն իսկ գազի գինը բարձրացրել են։ Երթուղայինները լիցքավորվում են երեք բալոն գազով, յուրաքանչյուր բալոնի գինը աճել է 200 դրամով:

«Ասում ա՝ մենք թանկացրել ենք, ուզում ես ուզի, չես ուզում գնա ուրիշ կալոնկա։ Երեք բալոնի մեջ 600 դրամ տարբերություն կա, 600 դրամը քիչ ա՞. ամսական 18 հազար փող է անում, 18 հազար ես ինչի՞ պիտի ավել տամ, որտեղի՞ց տամ»,- ըստ ռադիոկայանի՝ դժգոհում էին վարորդները։

Երթուղային և տաքսի ծառայությունների պատասխանատուները մեր հարցին ի պատասխան, հրաժարվեցին մեկնաբանություններից, թե ինչու դեռ չեն դիմել քաղաքապետարան, տրանսպորտի սակագները վերանայելու հարցով։ Վարորդներն էլ հայտարարում են, որ եթե սակագները չվերանայվեն, իրենք չեն աշխատի:

Մասնագետների կանխատեսումների համաձայն, գազի թանկացման ֆոնին անխուսափելի է ոչ միայն տրանսպորտի, այլև առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումը։

«Հայաստանի սպառողների ասոցիացիայի» նախագահ Արմեն Պողոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կանխատեսեց, որ կյանքը 10-20 տոկոսով կթանկանա. «Շուտով կլինի քաղաքային տրանսպորտի թանկացումը / կարծում եմ 50 դրամով/, և այդ ալիքը կտարածվի բոլոր ապրանքների ու ծառայությունների վրա։ Ոչ ոք չի կարող հաց թխել կամ մածուն պատրաստել առանց գազի կամ հոսանքի օգտագործման։ Լավատեսական սցենարով՝ առաջին անհրաժեշտության ապրանքատեսակների թանկացումը կկազմի 10 տոկոս, հոռետեսական սցենարով՝ 20։ Ցավոք սրտի, գնաճից խուսափելու եղանակը չեմ տեսնում, գնացքն արդեն գնացել է»,- ասել է Պողոսյանը։

Կենտրոնական բանկը գազի գնի բարձրացման և կարկտահարության գործոններով պայմանավորված կանխատեսել է մինչև 8 տոկոս գնաճ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս