Բռնարար ամուսինը կնոջը. «Երանի գաս ասես` ես քո գերին եմ, ուզում ես` մորթի»
«Հասարակություն առանց բռնության» հասարակական կազմակերպության կողմից ստեղծված Արագ Արձագանքման Խմբի շրջանակներում ձեզ ենք ներկայացնում ողբերգական ավարտ ունեցող ընտանեկան բռնության մեկ այլ դեպք: Արագ Արձագանքման Խմբի առաքելությունն է վեր հանել հասարակությունում ընտանեկան բռնության դեպքերը, հրապարակային հնչեղություն տալ դրանց և հետամուտ լինել դեպքերի թափանցիկ և արդար քննությանը»:
29-ամյա Տաթեւիկ Նիկողոսյանն այս պահին կյանքի ու մահվան միջեւ կռիվ է տալիս. ամուսինը դանակով 25 անգամ հարվածներ է հասցրել Տաթեւի մարմնի տարբեր հատվածներին, 2 տեղից խորը վնասվել է սիրտը, թոքերը բազմակի վնասվածքներ են ստացել, նույն վիճակում է նաեւ լյարդը: «Ապաքինվելու համար դեռ երկար շրջան պետք է անցնի, հիմա վերակենդանացման բաժանմունքում է»,-ասում է Տաթեւիկի բժիշկը, Մալաթիա բուժկենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:
Բժիշկները Տաթեւի մորն ասել են` բախտավոր աստղի տակ է ծնվել աղջիկը, մի փոքր ուշ տանեին հիվանդանոց, չէին կարողանա կյանքը փրկել: Մինչդեռ բախտավոր աստղի տակ ծնված այս կինը 13 տարվա ամուսնական կյանքի ընթացքում պարբերաբար դաժանորեն ծեծի է ենթարկվել:
Ամուսնությունից մեկ տարի հետո Տաթեւի ամուսինը` Տիգրան Համբարձումյանը, կնոջն արգելել է շփվել մոր եւ քրոջ հետ՝ պատճառաբանելով, թե իբր չի սիրում, երբ զոքանչը փեսայի տուն է գնում: «Ես էլ ասեցի, դե ոչինչ, իրանք լավ լինեն իրար հետ, ես էլ չեմ գնա աղջկաս տուն, չեմ զանգի»,-պատմում է Տաթեւի մայրը` Թագուհի Մանուկյանը: Մոտ 10 տարի դստեր հետ ոչ մի առնչություն չունենալով տիկին Թագուհու մտքով չէր էլ անցնում, թե աղջիկն ինչ տեսակի բռնությունների է ենթարկվել, ու չի համարձակվել հարազատներին տեղյակ պահել: «Ես ծանոթներից էի տեղեկանում ոնց ա Տաթոն, մեկ-մեկ գալիս էր Մալաթիայի տոնավաճառ` ամուսնու մոտ, հեռվից նայում էի, տեսնում, որ լավ ա»,-ասում է տիկին Թագուհին:
Արդեն հետո, երբ քույրը որոշել է գաղտնի շփվել Տաթեւի հետ, պարզվել է, որ ամեն մի չնչին պատճառով Տիգրանը ծեծել է քրոջը:
«Մի անգամ էլի թաքուն գնացել էի Տաթոյենց տուն, մեկ էլ պատահական սկեսուրը եկավ տղու տուն, ես մտա մահճակալի տակ, թաքնվեցի, բայց երեխայիս նույն մահճակալին տեսավ քնած: Ճիշտ է, ինձ չտեսավ, բայց արդեն հասկացան, որ ես գնում-գալիս եմ: Իմ էդ գնալուց հետո Տիկոն Տաթոյին կապրոնի խողովակով նենց էր ծեծել, ամբողջ մարմինը կապտել էր»: Մեր այս զրույցին միջամտեց Տաթեւիկի 7-ամյա դուստրը ու պատմեց, թե ինչպես է հայրը մեքենայով մորն ու իրեն տարել ամայի ու քարքարոտ վայր, դանակը դրել կոկորդին. միայն երեխայի խնդրանքից ու լացից հետո` պապա, խնդրում եմ, մի արա, Տիգրանը սթափվել է ու չի վնասել:
«Մեզ ուղարկում էր տեղաշոր ու ինքը սկսում մամային ծեծել, ձեներից էի հասկանում, որ ծեծում ա, մի անգամ եմ զարթնել ու տեսել, որ դանակը մամայի վզին ա պահել», պատմում է Տաթեւիկի 10-ամյա որդին` Հովհաննեսը:
Տիկին Թագուհու պատմելով էլ, ամուսինը Տաթեւի ձեռքերն է այրել տաք պտուտակահանով, միայն այն բանի համար, որ տանը «կողքի» դրած գումարով կենցաղային մի քանի իր է գնել. «Ախր ո՞ր մեկը պատմեմ, մի անգամ էլ հարբած նենց ա ծեծել աղջկաս, որ աչքն ուռել էր ու փակվել, էդ մի սարսափելի տեսարան էր: Էն էլ ծեծել ա նրա համար, ինչ ա թե առանց ամուսնուն ասելու երեխայի հետ գնացել ա գրախանութ՝ տետր առնելու: Էդ ծեծից հետո աղջիկս զանգեց ասեց` մամա էլ չեմ դիմանում, վախենում եմ, ուզում եմ էրեխեքի հետ գամ ձեր մոտ: Ու թե մինչեւ էդ ինչքան ասում էր` ուզում եմ բաժանվեմ, ասում էի` չէ, մի բաժանվի, էս անգամ ասեցի` արի: Մեր նոր տան տեղը Տիկոն չգիտեր, ու 2 շաբաթ աղջիկս խաղաղ ապրեց, բայց հետո ինձ հետեւեց, տան տեղն իմացավ, եկավ համոզեց Տաթոյին, հետ տարավ, խոստացավ, որ լավ կլինի: Բայց ի՞նչ լավ լինել, էլի նույն ծեծն ու ջարդը: Իրա ծնունդի օրը Տիկոն նենց էր ծեծել Տաթոյին, որ բժիշկն ասել էր` աղջիկ ջան էս տրակտո՞ր ա անցել վրայովդ: Էդ անգամ ոստիկանություն էինք կանչել, բայց գործ չհարուցվեց»:
Դանակահարությունից առաջ, մոտ երկու ամիս Տաթեւիկ Նիկողոսյանը երեխաների հետ բնակվել է մոր բնակարանում, այդ ընթացքում ամուսինը այցելում էր երեխաներին, շփվում զոքանչի ու կնոջ հետ ու կրկին խոստանում`փոխվելու է, միայն թե նորից միանան:
«Տիկոն միշտ ասում էր` Տաթո երանի գաս ասես` Տիկո ես քո գերին եմ, ինչ ուզում ես արա, ուզում ես` մորթի: Տաթոն ասում էր` Տիկո դու փոխվողը չես, արի բաժանվենք, նա էլ ասում էր` կմորթեմ իմը չլինես», պատմում է տիկին Թագուհին: Տաթեւիկը նորից համաձայնվել էր հանուն երեխաների, մի անգամ էլ ներել ամուսնուն եւ արդեն որոշել էր`վերադառանալու է ամուսնու մոտ:
Տաթեւի մոր փոխանցմամբ` «Հունիսի 20-ին Տիկոն մեր տանն էր, իրար հետ կատակներ էին անում, կողքից մեկը որ տեսներ, կմտածեր`սրանց նման երջանիկ ընտանիք չկա: Բայց տղուն` Հովոյին, տարավ մոր տուն, հետո աղջկան` Անիին, գողացավ-տարավ ու հետ չբերեց. այդպես արեց, որ Տաթոն ստիպված վերադառնա: Հետո մենք գնացինք գյուղից երեխեքին գողացանք, բերեցինք. էրեխեքն իրենք էին զանգել ու աղաչում էին մորը, որ գնար իրենց հետ բերեր»:
Հունիսի 28-ին լրատվամիջոցներով տարածվեց, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքում ամուսինը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել կնոջը. Տաթեւիկն էր: Դեպքից մի քանի օր առաջ ամուսինը՝ կնոջ բնակության վայրում պարբերաբար շրջել է եւ սպասել հարմար պահի: Տիկին Թագուհու պատմելով, թեեւ իրենք չեն տեսել, բայց հարեւաններն այդ երիտասարդին մի քանի անգամ նկատել են շենքի մոտ. «Մի անգամ պատուհանից նայեցինք, տեսանք Տիկոն ձեռով Տաթոյին ցույց ա տալիս` իբր կոկորդդ կկտրեմ: Էրեխես ահավոր վախեցել էր, տանից դուրս չէր գալիս, էրեխեքին էլ չէինք թողնում»: Չմտածելով, որ ամուսինն իրեն հետեւում է, Տաթեւիկը քրոջ հետ հունիսի 28-ին՝ երեկոյան խանութից վերադառնալիս` շենքի մոտ անակնկալի է եկել. հենց աստիճանների վրա, նախապես անջատելով մուտքի լույսը, Տիգրան Համբարձումյանը, դանակով անընհդհատ հարվածելով ու կնոջ մազերից բռնած քարշ տալով, փորձել է աստիճաններից ներքեւ իջեցնել: Քրոջ ու հարեւանների միջամտությունից հետո Տիգրանը փախել է:
«Երկու օր է աստիճանների արյունը լվանում են, չի անցնում: Աղջիկս արյան մեջ կորել էր, խեղճ էրեխեքն էլ իրենց մորը տենց արնաշաղախ տեսան, նե՜նց էին վախեցել: Տիկոն վերջն իրա ուզածին հասավ: Հիվանդանոցից ջղայնացած զանգեցի դրան, դա էլ կատաղած ասեց` ձեզ էլ եմ հասնելու»,-պատմում է Տաթեւի մայրը: Զոքանչին ու քենուն կհասնի, թե ոչ՝ պարզ չէ, բայց Տիգրան Համբարձումյանը նույն օրն ինքնակամ հանձնվել է ոստիկաններին:
Նրան մեղադրանք է առաջադրվել որպես խափանման միջոց`կալանավորում 2 ամիս ժամկետով: Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի պետի տեղակալ Սարգիս Համբարձումյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 34 եւ 104 հոդվածի հատկանիշներով`սպանության փորձ: Տաթեւիկի մայրը մեզ հետ զրույցում վստահեցրել էր, որ փեսան պարբերաբար հոգեմետ միջոցներ եւ ալկոհոլ է օգտագործել: Թե արդյոք դեպքի օրը մեղադրյալը ալկոհոլի կամ թմրանյութի ազդեցության տակ է եղել, քննչական բաժնի պետն ասաց, որ փորձաքննության եզրակացությունը դեռ չի ստացել: Պարոն Համբարձումյանը չասաց մանրամասներ` նախաքննական փուլի գաղտնիությունը պահպանելու համար:
«Էշ եմ, էշ, ախր ես ո՞նց ծանոթացրեցի աղջկաս դրա հետ: Բոլորն ասում էին` դու դրան ոնց ես աղջիկ տալիս, ես էլ չէի պատկերացնում, մտածում էի`լավ տղա է, աշխատող, տուն պահող: Բայց հետո պարզվեց, որ մի անգամ էլ է ամուսնացած եղել. Տաթոս նախկին կնոջ նամակն էր գտել, գրել էր` իմ կյանքն ավելի կարեւոր է, քան Տիկոյի սերը: Տիկոն հետո մեզ հպարտությամբ պատմում էր, որ նախկին կնոջը ծեծել ա, որովհետեւ հեռախոսով ժամերով մոր հետ էր խոսում»:
Հիմա Տիգրանի ու Տաթեւիկի անչափահաս երեխաները մի բան են մտածում. «Մաման շուտ լավանա: Պապային էլ ենք սիրում, բայց ինքը մամային միշտ ծեծում էր»:
Նելլի Բաբայան
Արագ Արձագանքման Խումբ
Հ.Գ. Եթե դուք ականատես եք եղել ընտանեկան բռնության դեպքի, ահազանգեք Արագ Արձագանքման Խմբին՝ http://rru.swv.am/