Բաժիններ՝

Ազատազրկման դատապարտված վրացի մենեջերը «թռել է» Հայաստանից

tesankyun.am-ի փոխանցմամբ՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը 2013թ. հունվարի 11-ին  Վրաստանի հանրապետության քաղաքացի, Տավուշի մարզի Ենոքավան գյուղում բնակվող, 1983թ.  ծնված Ջաբա Կաճախիձեին ՀՀ  քրեական օրենսգրքի  112 հոդվածի 1-ին մասով («Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»)  դատապարտել էր  3 տարվա ազատազրկման:

Մանկահասակ երկու երեխաների հայր, բարձրագույն կրթությամբ Ջ. Կաճախիձեն 2012թ հունիսից  Ենոքավան գյուղի տարածքում գտնվող «Ապագա տուր» հանգստյան տանը աշխատում էր  որպես մենեջեր:  Ուսանողների մի խումբ «Լույս» հիմնադրամի հովանու ներքո 2012թ. հուլիսի 10-ին գնացել են  «Ապագա տուր» հանգստյան տուն:  Հուլիսի 12-ի երեկոյան ուսանողները խոհանոցի առջեւի  բարից մոտ 10 մ հեռավորությամբ խնջույք են կազմակերպել. աղջիկներից մեկի ծննդյան օրն էր: Ուսանողները կեսգիշերին երաժշտությունը բարձր են միացրել: Հանգստյան տան  մենեջեր   Ջաբա Կաճախիձեն երաժշտության ձայնն իջեցնելու  պահանջ է ներկայացրել ուսանողներին, տեսելով որ նրանք երաժշտության ձայնը չեն իջեցնում, հանել է ձայնարձակիչի  լարերը եւ իր հետ տարել: Այդ  պատճառով զրույց է ունեցել նրա եւ  ուսանողների միջեւ, որի ժամանակ  Ջաբան աջ ձեռքին գտնվող ապակե բաժակով հարվածել է  Երեւանի բնակիչ, 1993թ. ծնված  Ալբերտ Ներզեթյանի դեմքին, վերջինիս դեմքին  պատճառվել է ծանր վնասվածք: Դեպքից հետո հանգստյան տան տնօրեն Արտակ Չիբուխչյանը տուժածին իր մեքենայով տեղափոխել է Իջեւանի  բժշկական կենտրոն: Ջաբա Կաճախիձեն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի համարել, ասելով, որ Ալբերտ Ներզեթյանը փորձել է ոտքով հարվածել իրեն, հարվածը կանխելու համար ինքը  բնազդաբար, պաշտպանական  իներցիայով ձեռքը պարզել է նրա ուղղությամբ, որի հետեւանքով իր ձեռքում եղած բաժակը ջարդվել է՝ վնասելով Ներզեթյանի դեմքն ու իր ձեռքը:

Դատավոր Ռաֆիկ Մելքոնյանը արժանահավատ համարելով ամբաստանյալի այն փաստարկը, որ չի ցանկացել մարմնական վնասվածք պատճառել տուժողին, միաժամանակ արձանագրել է, որ ամբաստանյալը տուժողին հարվածել է գիտակցաբար, թույլ տալով վնասվածքի առաջացումը, ինչն անուղղակի դիտավորության դրսեւորում է եւ չի կարող նրա արարքի քրեաիրավական որակումը փոխելու հիմք հանդիսանալ:  Ջաբա Կաճախիձեի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ ստորագրությունը չբացակայելու մասին, դատարանն անփոփոխ էր  թողել  մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Դատավճիռը կարող էր  բողոքարկվել հրապարակման պահից մեկամսյա ժամկետում:

Փետրվարի 7-ին Ջաբա Կաճախիձեն բողոքարկել է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը՝ պահանջելով դադարեցնել իր հանդեպ քրեական հետապնդումը եւ կայացնել արդարացման դատական ակտ: ՀՀ քրեական եւ զինվորական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել էր  մարտի 12-ին:  Մի քանի անգամ նշանակված դատական նիստերը չեն կայացել՝ հիմնականում ամբաստանյալի չներկայանալու պատճառով: Հունիսի 12-ին քրեական գործի վարույթը կասեցվել է:  Ենոքավան համայնքից ստացված  տեղեկություններով՝ ամբաստանյալ Ջաբա Կաճախիձեն լքել է Հայաստանի հանրապետությունը եւ նրա գտնվելու վայրն անհայտ է:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս