Վարդան Սեդրակյանը դեմ է իրեն դատաբժշկական, դատահոգեբանական փորձաքննության ենթարկելու միջնորդությանը
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով դատական նիստի ընթացքում այսօր քննարկվեց գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանի ներկայացրած՝ քննչական փորձարարություն իրականացնելու մասին միջնորդությունը: Հիշեցնենք, որ ամբաստանյալի պաշտպանը դատարան ներկայացրել էր շուրջ 6 միջնորդություն՝ իրականացնել կենսաբանական, դատատեխնիկական, ապրանքագիտական, դատաբժշկական, դատահոգեբանական, դատաձգաբանական փորձաքննություններ:
Գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը, կարծիք հայտնելով ներկայացված բոլոր միջնորդությունների մասին, առարկեց միայն մեկ միջնորդության դեմ. ըստ նրա՝ մյուս երկու ամբաստանյալները պետք է անցնեն դատահոգեբանական, դատաբժշկական փորձաքննության, իսկ իր՝ փորձաքննություն անցնելն, ըստ նրա, անիմաստ է:
Պաշտպանական կողմը չառարկեց քննչական փրձարարություն իրականացնելու մասին պաշտպանի միջնորդությանը: Գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը նշեց, որ ամբողջական կարծիք արտահայտելու համար իրեն ժամանակ է հարկավոր: Նա ասաց, որ ի սկբանե դեմ է մի քանի միջնորդություններին:
Տուժող Պարույր Հայրիկյանի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ, ըստ պաշտպանի, կան հակասություններ Պ. Հայրիկյանի և Խ. Պողոսյանի նկարագրած դիրքերում: Այդ հակասությունները, Լևոն Բաղդասարյանի խոսքով, էական չեն:
Տուժող կողմը ևս ժամանակ խնդրեց միջնորդությունների մասին ամբողջական կարծիք արտահայտելու համար:
Դատավոր Գագիկ Պողոսյանը հետաձգեց դատական նիստը, հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 9-ին:
Նշենք, որ դատական նիստի ավարտին ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանն ու մեղադրող Արամ Ամիրզայանը մի քանի նախադասություն փոխանակեցին, որոնք, սակայն, դահլիճում նստածներին լսելի չէին:
Լուսանկարը՝ 168.am-ի