Պաղպաղակում բուսայուղի օգտագործումն արգելված է
«Հունիսի 24-ին, հղում անելով ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչի կողմից արձանագրված խախտմանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչ էր արել Ծառայությանը պարզաբանել` ինչո՞ւ մինչ օրս սխալ մակնշած պաղպաղակները շուկայից դուրս չեն բերվել, այն դեպքում, երբ օրենքը ոչ միայն թույլ է տալիս, այլև պարտավորեցնում:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչ էր արել պաղպաղակները դուրս բերել ոչ թե որպես վտանգավոր (ինչպես նշված է Ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ), այլ որպես մակնշման պահանջներին չբավարարող, ինչպես նաև, օգտագործելով սխալ մակնշման փաստը, ենթարկել լաբորատոր փորձաքննության անվտանգության ցուցանիշների նկատմամբ (չդիտարկելով պաղպաղակում բուսայուղի առկայությունը որպես անվտանգության ցուցանիշ): Հարկ ենք համարում հավելել նաև, որ պարզաբանումներ ստանալու նպատակով Կազմակերպությունը դիմել է Ծառայությանը, որտեղից խոստացել են առաջիկայում հանդես գալ մթերքների անվտանգությունը հավաստող հայտարարությամբ:
Ցավոք սրտի, որոշ արտադրողներ ևս իրացման ցանցում պաղպաղակներում առկա խնդիրները վերացնելու փոխարեն մեղադրեցին Կազմակերպությանն ապատեղեկատվություն տարածելու մեջ՝ մեկնաբանելով, որ բուսայուղի օգտագործումն արգելված չէ:
Տեղեկացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում պաղպաղակի արտադրությունը կանոնակարգող Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ հստակ սահմանվում և տարանջատվում են կաթնային հիմքով և կաթնաբուսական պաղպաղակները:
Կազմակերպության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կաթնաբուսական պաղպաղակ մակնշումը (պաղպաղակ, որի բաղադրության մեջ օգտագործվել է նաև բուսայուղ) բացակայում է՝ չհամատասխանելով «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ ենթակետով սահմանված Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշմանը ներկայացվող պահանջներին:
Արդյունքում հանրությանը ներկայացվում է կեղծ տեղեկատվություն, որի հետևանքով սպառողները հայտնվում են մոլորության մեջ՝ ձեռք բերելով կաթնաբուսական պաղպաղակը՝ այդ մասին չիմանալով: Իսկ համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության» մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի՝ սպառողին մոլորության մեջ գցելը համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
Հ.Գ «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը կոչով դիմում է պատկան մարմիններին, հասարակական կազմակերպություններին, զանգվածային լրատվամիջոցներին ու արտադրողներին շտապ ձեռնարկել նշված խնդրի լուծմանն ուղղված մեխանիզմների քննարկում, սպառողին առավելագույնս իրազեկել նշված խնդրի վերաբերյալ և հրատապ իրականացնել խնդրի կարգավորմանն ուղղված գործառույթներ՝ միաժամանակ կարևորելով թե՛ սպառողական շահը, թե՛ տնտեսական վնասները նվազագույնի հասցնելը»: