Հովնանյան կրթաթոշակ հայ ուսանողներին
«Հրայր և Աննա Հովնանյան հիմնադրամը» ստեղծվել է 1986 թվականին Միացյալ Նահանգներում ամերիկահայ բարերարներ Հրայր և Աննա Հովնանյանների կողմից: Այդ ժամանակից ի վեր Հիմնադրամը իրագործում է տարաբնույթ բարեգործական ծրագրեր տարբեր ոլորտներում, այդ թվում` կրթական ոլորտում:
Հիմնադրամի երևանյան մասնաճյուղը բացվել է Հայաստանի մայրաքաղաք Երևանում, դեռևս 2006 թվականին: Այստեղ նույնպես Հիմնադրամը հաջողությամբ իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր, ինչպիսիք են` «Հրայր և Աննա Հովնանյան» Բիզնես-կենտրոնի կառուցումը, որը հյուրընկալում է բազմաթիվ հասարակական կազմակերպությունների, Երևանի կենտրոնի Աբովյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկում գտնվող եկեղեցական համալիրի կառուցումը, որը ներառում է հայրապետական նստավայր և «Սուրբ Աննա» եկեղեցին: Հիմնադրամը նաև կրթաթոշակներ է տրամադրում հայերին` հնարավորություն տալով սովորել արտերկրի համալսարաններում, և այս տարվանից սկսած` կրթաթոշակներ է տրամադրում տեղական համալսարանների ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, սակայն ի վիճակի չեն վճարել իրենց ուսման վարձը:
Անցած տարի` 2012 թվականին, Հիմնադրամի երևանյան գրասենյակը ստացավ մոտ 30 դիմում, որոնցից 13–ը հաջողությամբ ընդունվեցին և հատկացվեց մոտ 140.000 ԱՄՆ դոլար: Այս տարի տարբեր համալսարանների տրամադրվել է 185.000 ԱՄՆ դոլար ` օգնելով հայ ուսանողներին վճարել ուսման վարձը և կեցարանային ծախսերը: Տարբեր գիտելիքներ ունեցող դիմորդներ ներառվեցին վերջնական ցուցակում, որոնց թվում էին մաթեմատիկոսներ, ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիա) մասնագետներ, ֆիզիկոսներ, իրավաբաններ, բանասերներ, երաժիշտներ և այլոք, քանի որ չկան ուսումնական աստիճանի սահմանափակումներ. նրանք կարող են լինել բակալավրիատի ուսանողներ, շրջանավարտներ, ինչպես նաև հետբուհական ծրագրի ուսանողներ:
Բոլոր այն ուսանողները, ովքեր ստացել են Հովնանյան կրթաթոշակը, ապացուցել են արտասահմանում հայ գիտնականի կոչմանը լիովին արժանի լինելը` ցուցաբերելով բարձր առաջադիմություն, ստանալով գերազանց գնահատականներ և դասախոսների գովասանքներ: Բարձր մտավոր կարողությունները և նոր բարձունքների հասնելու ներուժը մեր ազգի բնորոշ հատկանիշներից են: Անկասկած, բոլոր այդ ուսանողները արտասահմանում կստանան բարձրագույն կրթություն և անհրաժեշտ հմտություններ`ապագայում մեծ ներդրում ունենալով մեր երկրի զարգացման գործում:
Ուսման ողջ ընթացքում և այն բարեհաջող ավարտելուց հետո, Հովնանյան Հիմնադրամի կրթաթոշակ ստացողները կապ են պահպանում երևանյան մասնաճյուղի գրասենյակի հետ և շարունակաբար ապահովում են հետադարձ կապով:
Նշենք մի քանիսին`
- Լևոն Ավանեսյան` երկու անգամ ստացել է Հովնանյան կրթաթոշակ 2012-2013թթ. և 2013-2014թթ. ուսումնական տարիների համար: Նա ունի ամենաբարձր թվանշանը Տորոնտոյի համալսարանում, GPA 4/4, և ահա թե ինչ է նա ասում.
«Ես մեծապես շնորհակալ եմ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամին ինձ 2012-2013 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակը տրամադրելու համար: Հովնանյան կրթաթոշակը ինձ հնարավորություն տվեց ուսում ստանալ Տորոնտոյի համալսարանում` աշխարհի լավագույն համալսարաններից մեկում: Դա իսկապես մեծ աջակցություն էր ինձ` ստանալ որակյալ կրթություն, ձեռք բերել գիտելիքներ և հմտություններ: Սա ինձ հնարավորություն է տալիս դառնալ բարձր մակարդակի մասնագետ և լավագույն կերպով ծառայել Հայաստանին: Ես շատ լավ եմ գիտակցում այն, որ Հովնանյան կրթաթոշակ ստանալը մեծ արտոնություն է: Սա մեծապես դրդում և պարտավորեցնում է ինձ անել հնարավորինս` պահելով բարձրագույն չափանիշները և հայ ուսանողների ու Հովնանյան հիմնադրամի կրթաթոշակ ստացողների լավագույն համբավը»:
- Նարեկ Միսակյան` երկու անգամ ստացել է Հովնանյան կրթաթոշակ 2012-2013թթ. և 2013-2014թթ. ուսումնական տարիների համար: Նա ունի գերազանց առաջադիմություն Լոնդոնի համալսարանական քոլեջում (Մեծ Բրիտանիա), և ահա թե ինչպես է նա խոսում իր փորձի մասին.
«Որակյալ կրթությունն իմ երազանքն էր և նպատակը, որին ես փորձում էի հասնել դեռևս դպրոցական տարիներից: Ես իմ առաջին քայլերը կատարեցի 13 տարի առաջ, երբ ընդունվեցի Անանիա Շիրակացի վարժարան և որտեղ, ավելի ուշ, ստացա լիակատար ուսումնական գերազանցության կրթաթոշակ: 2007 թվականին շահեցի Համաշխարհային Կապ Կրթաթոշակը Թայլանդի Ռեջենտ դպրոցում և այդ ժամանակից ի վեր վայելում էի ուսումնառության ամեն մի րոպեն: Անցած տարի սովորելու հրավեր ստանալով Լոնդոնի համալսարանական քոլեջի Տնտեսագիտության, Բիզնեսի և Արևելյան Եվրոպայի գիտությունների ֆակուլտետից` ես ֆինանսական աջակցության կարիք ունեի այնտեղ իմ ուսումը ստանալու համար: «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակը ինձ ոչ միայն հնարավորություն տվեց սովորելու բարձր ցուցանիշ ունեցող համալսարանում, այլև հավատ ներշնչեց, որ յուրաքանչյուր թունելում լույս կա: Ես հպարտանքով և պատասխանատվության խորին զգացումով գնահատում եմ այս պատվավոր հնարավորությունը: Կրթաթոշակի ստացող լինելն իմ մեջ վստահություն ներշնչեց իմ ունակությունների հանդեպ և հավատ, որ կարող եմ հաջող կարիերա ստեղծել իմ ձեռք բերած գիտելիքներով: Այն ոգեշնչեց և սովորեցրեց ինձ, որ ես չպետք է սահմանափակեմ ինձ մեծ հնարավորություններից: «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակն ինձ շատ օգնեց` բարձրացնելով իմ ինքնավստահությունը և վստահեցրեց ինձ, որ ես կարիերայի ճիշտ ուղի եմ ընտրել:
Լոնդոնի համալսարանական քոլեջում բարձրագույն կրթություն ստանալուց հետո, ես կգործադրեմ իմ բոլոր ջանքերը Տնտեսագիտության և Բիզնեսի ոլորտում լավ մասնագետ դառնալու համար` օգտագործելով իմ փորձը և որակավորումները իմ աշխատանքում հանուն Հայաստանի և հայ համայնքի:
Ես կցանկանայի ընդգծել, որ «Հրայր և Աննա Հովնանյան» հիմնադրամի կրթաթոշակը մեծ դեր է խաղում Լոնդոնի համալսարանական քոլեջում իմ սկսած ուսման մեջ և Հայաստանում իմ երազանքների և պլանների իրականացման գործում:
- Կրթաթոշակի մեկ այլ ստացող Էդուարդ Բադալյանը, ով այս տարի բարեհաջող ավարտում է Փենսիլվանիայի համալսարանը, գրում է.
«Իմ մանկության ընթացքում ես շատ եմ կարդացել հայ գործարարներ և բարեգործներ Գալուստ Գյուլբենկյանի, Ալեքսանդր Մանթաշևի և այլոց մասին: Ես շատ էի տպավորված իրենց մարդասիրությունից: Մարդիկ, ովքեր սիրում և փորձում էին օգնել սեփական ազգին, երիտասարդ սերնդին, հեռանկար ունեցող ուսանողներին` աջակցելով նրանց կրթությանը աշխարհի լավագույն համալսարաններում: 20 տարի է անցել և ես հնարավորություն եմ ստացել շարունակելու իմ կրթությունը Միացյալ Նահանգների և աշխարհի լավագույն համալսարաններից մեկում և ես կարծում եմ, որ տասնամյակներ հետո մենք դեռ ունենք այնպիսի հայ բարերարներ, ինչպիսիք են` Հովնանյանները: Հրայր և Աննա Հովնանյանների կրթաթոշակը թե բարոյապես, թե ֆինանսապես օգնեց ինձ սովորել Փենսիլվանիայի համալսարանի Ֆելսի կառավարական ինստիտուտում` հասնելու իմ երազանքներին և ավելի ուշ օգտագործել ձեռք բերված գիտելիքները և փորձը Հայաստանի պայծառ ապագայի համար: Ես ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունն արտահայտել Հովնանյան կրթաթոշակ ստացողների շարքում ինձ ընդգրկելու համար: Ես շատ շնորհակալ եմ Հովնանյանին` արտերկրում հայ ուսանողների կրթական գործընթացին աջակցելու համար»:
- Անուշ Չուբարյանը կրթաթոշակ ստացողներից մեկն է, ով շուտով կստանա իր գիտությունների թեկնածուի կոչումը և ստացել է Հովնանյան կրթաթոշակը վերջին 3 տարիների ընթացքում: Ահա նրա արձագանքը.
«Ես Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կրթական Առաջնորդության և Քաղաքականության ոլորտի ասպիրանտ եմ: Ես կրթական ոլորտում իրականացրել եմ միջազգային համեմատական հետազոտություն որը չափազանց հետաքրքիր է և կարևոր է իմ ուսումնասիրության ոլորտի համար: Իմ հետազոտությունը բարեհաջող իրականացնելու համար ես պետք է լրացնեի 69 կրեդիտ ժամ: Ես դիմեցի Հովնանյան հիմնադրամին` աջակցելու ինձ ուսման վարձի վճարման հարցում և ես դրական պատասխան ստացա Հիմնադրամից: Հիմնադրամի աջակցությամբ` ես կարողացա ավարտել իմ հիմնական կուրսային աշխատանքը և տպագրել երկու հոդված: Այժմ, Հիմնադրամը աջակցում է իմ թեզի կրեդիտ/ժամերի հավաքագրման հարցում, որը ուղղակիորեն կապված է իմ հետազոտության հետ: Ես շատ շնորհակալ եմ Հրայր և Աննա Հովնանյան Հիմնադրամին օգնության ձեռք մեկնելու համար»:
- Կրթաթոշակի մեկ այլ ստացող Էդգար Բաբլումյանը, ով դաշնակահար է և սովորում է Լյուցերնի Երաժշտական Համալսարանում, կիսվեց իր զգացմունքներով.
«Լինելով Երևանի Պետական Կոնսերվատորիայի ուսանող` ես վարպետության դասեր եմ ստացել հանրահայտ դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցից: Այդ օրվանից ես երազել եմ ուսանել իր մոտ: Եվ միայն «Հրայր և Աննա Հովնանյան» Հիմնադրամի շնորհիվ իրականացավ իմ երազանքը. ես այժմ Լյուցերն Համալսարանի ուսանող եմ և սովորում եմ պրոֆեսոր Կոնստանտին Լիֆշիցի մոտ: Ես հպարտ եմ, որ Շվեյցարիայում ովորելու ոչ այդքան երկար ժամանակահատվածում ես բազմաթիվ հնարավորություններ ստացա աճել որպես երաժիշտ: Ձեր ֆինանսական աջակցության շնորհիվ ես կարողացա բացահայտել իմ բոլոր հմտությունները»:
Բոլոր այս կարևոր արձագանքները մեր ազնիվ աշխատանքի լավագույն խթանիչներն են, որը հետագայում մեծապես կնպաստի մեր երկրի բարեկեցությանը:
Այս տարի Հովնանյան Հիմնադրամը կրթաթոշակներ հանձնեց շուրջ 30 դիմորդների` գրեթե երկու անգամ ավելի անցած տարվա համեմատ: Այդ թիվն իր մեջ ներառում է նաև Հայաստանի պետական համալսարանների ուսանողների: Չնայած նրան, որ արտերկրի համալսարանների կրթաթոշակների դիմումների ներկայացման վերջնաժամկետն անցել է և կվերսկվի միայն հաջորդ տարվա սկզբին, սակայն այն ուսանողները, ովքեր սովորում են տեղի պետական համալսարաններում, դեռ կարող են դիմել մինչև սույն տարվա հուլիսի 15-ը:
2014-2015 ուսումնական տարվա համար դիմումների ներկայացման ժամկետը կվերսկվի 2014թ. փետրվարին:
Ամփոփելով մեր հաղթանակները` մեր երևանյան գրասենյակը կարող է հպարտորեն հայտարարել, որ մեր նվիրատվությունները լիովին արդարեցվում են և կրթաթոշակ ստացողները, ովքեր սովորում են այժմ արտերկրում, միանշանակորեն կվերադառնան իրենց հայրենիք և նոր գիտելիքներով ու հմտություններով զինված կծառայեն ի շահ մեր ժողովրդի: