
Ակտիվիստները իրազեկող հուշաքար տեղադրեցին «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ ի հիշատակ Վահե Ավետյանի

Այս պահին մի խումբ ակտիվիստներ, քաղաքացիներ, հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ հավաքվել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ, որտեղ մեկ տարի առաջ տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
«Նախախորհրդարանի» ներկայացուցիչ Գարեգին Չուգասզյանը հայտարարեց, որ իրենք հավաքվել են այնտեղ՝ իրազեկելու, որ պատրաստվում են Վահե Ավետյանի հիշատակին նվիրված հուշաքար տեղադրել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտակայքում, քանի որ դեպքը տեղի է ունեցել այնտեղ:
Հուշաքարի վրա, որն իրենց հետ բերել էին ակտիվիստները, գրված է. «Այստեղ լինելու է «Հարսնաքարում» սպանված հայոց բանակի սպա, բժիշկ Վահե Ավետյանի հուշաքարը»:
Կազմակերպիչների խոսքով՝ իրենք դա հայտարարելով, ցանկանում են Տեղական ինքնակառավարման մարմիններին իրազեկել, որ այդտեղ լինելու է հուշաքար:
«Հարսնաքարի» տարածքում են ոստիկաններ և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով զգուշացրեց, որ կազմակերպիչները այդ հարցով չեն դիմնել ՏԻՄ-երին և չեն տեղեկացրել այդ հուշաքարը տեղադրելու մասին, ուստի իրենք չեն կարող թույլ տալ դրա տեղադրումը «Հարսնաքարի» տարածքում:
Այնուամենայնիվ, բողոքի ակցիայի մասնակիցներին հաջողվեց հուշաքարը տեղադրել ռեստորանային համալիրի մոտակայքում:
Բողոքի ակցիայի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Վահե Ավետյանի հիշատակը: