Սերժ Սարգսյանի ընտրությունը

Եվրասիական  միությո՞ւն, թե՞ Եվրամիություն երկընտրանքի շուրջ քննարկումները մեր հանրային-քաղաքական դաշտում պայմանավորվում են առավելապես արտաքին քաղաքական զարգացումներով, ռուսական կամ արևմտյան ճնշումներով, և այլն: Դա, իհարկե, միանգամայն նորմալ է, քանի որ խոսքը պետության արտաքին քաղաքական վեկտորի ընտրության մասին է, այնպիսի ընտրության, որը կարող է անշրջելի լինել Հայաստանի համար՝ թե՛ դրական, թե՛ բացասական իմաստով:

Բայց այս հարցի վերաբերյալ քննարկումներում քիչ են արծարծվում ներքաղաքական գործոնները: Մինչդեռ, գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ վերջնական որոշում կայացնելուց առաջ ՀՀ իշխանությունը, առաջին  հերթին՝ նախագահ Սերժ Սարգսյանը, հիմնվելու է հենց ներքաղաքական իրավիճակի ու իր կայացրած որոշման ներքաղաքական հետևանքների հաշվարկների վրա: Եվ հենց այդ հաշվարկներում է, ինչպես ասում են, թաղված շան գլուխը:

Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընտրություն կատարելու հարցում Սերժ Սարգսյանը, բնականաբար, առաջնորդվելու է ոչ միայն և գուցե ոչ այնքան՝ Հայաստանին, պետությանը, այլ նաև սեփական իշխանությանը սպառնացող վտանգների բացառման կամ չեզոքացման սկզբունքով: Այսինքն՝ հաշվարկի հիմքում դրվելու են այն կանխատեսումները, թե ինչ վտանգներով է հղի ինչպես՝ Եվրասիական միությանն անդամակցելը, այնպես էլ՝ Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի ստորագրումը: Դա նշանակում է, որ խնդիրը կարող է հանգել հետևյալ հարցադրմանը՝ այս երկու ուղղություններից որի՞ ընտրությունը կարող է վտանգավոր լինել Սերժ Սարգսյանի իշխանության համար: Կամ որ նույնն է՝ այս բևեռներից ո՞րն ավելի շատ սպառնալիք կարող է ներկայացնել գործող իշխանությանը, եթե վերջինիս ընտրությունը կանգնի հակառակ բևեռի վրա: Ավելի պարզ ասած՝ եթե Հայաստանի՝ երկու ուղղություններից մեկի ընտրությունը դուր չգա հակառակ կողմին, նրանից ո՞րն ավելի մեծ հնարավորություն ունի Հայաստանում ֆորսմաժորային վիճակ ստեղծելու և դրա արդյունքում՝ իշխանափոխություն իրականացնելու համար:

Ակնհայտ է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելու տեսանկյունից Ռուսաստանի հնարավորություններն առնվազն կարճաժամկետ առումով մի քանի անգամ ավելի մեծ են, քան Եվրոպայինը: Հայաստանի քաղաքական համակարգի մեծ մասը՝ և ինստիտուցիոնալ մակարդակով, և անհատապես, այս կամ այն կերպ կապված է ռուսական համապատասխան կառույցների կամ շրջանակների հետ: Հայաստանում Ռուսաստանից «զգուշանում» են ու նրա բարեհաճությանն են ձգտում ոչ միայն իշխանական, այլև ընդդիմադիր ուժերը: Եվ բոլորն էլ, եզակի բացառություններով, ամեն ինչ կանեն ցանկացած ֆորսմաժորային իրավիճակում ռուսական «ֆավորիտ» դառնալու, այդպիսով՝ իշխանության գալու համար:

Ընդ որում, նույն իշխանության համակարգում այնքան շատ են ռուսական ազդեցության գործիչներն ու խմբերը, որ Ռուսաստանին ընդդիմությունը կարող է անգամ պետք չգալ: Եթե այս ամենին էլ գումարում ենք նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործոնը՝ այդ ուժերին անհրաժեշտության դեպքում «համակարգելու» տեսանկյունից, ապա պատկերն ավելի պարզ է դառնում:

Սերժ Սարգսյանը,  բնականաբար, տիրապետում է բոլոր այս իրողություններին և հազիվ թե անտեսի դրանք իր հաշվարկներում: Իսկ դա նշանակում է, որ եթե անգամ անձնապես Սերժ Սարգսյանը հակված է Ասոցիացման համաձայնագրի ստորագրմանը և թեկուզ ոչ հրապարակավ դիմադրում է ռուսական ճնշումներին, նա այդպես կվարվի մինչև այն «կրիտիկական պահը», որից հետո ռուսական շրջանակները Հայաստանում կարող են ներքին գործընթացներ գեներացնել:

Այդ պահը կհասունանա, եթե Սերժ Սարգսյանը հասկանա, որ Ռուսաստանը որոշել է Հայաստանին Մաքսային/Եվրասիական միության անդամ դարձնել իրենով կամ առանց իրեն: Այսինքն՝ Սերժ Սարգսյանին ռուսները կարող են կանգնեցնել երկընտրանքի առջև՝ արդեն ոչ թե Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն, այլ՝ իշխանությո՞ւն, թե՞ Եվրամիություն: Այդ դեպքում, բնականաբար, Սերժ Սարգսյանը կընտրի իշխանությունը, իմա՝ Եվրասիական միությունը:

Տեսանյութեր

Լրահոս