Բաժիններ՝

«Երկու տարի անց փոխվել են բազում սրճարանների գունավոր աթոռները»

Ասում է նկարիչ Տիգրան Ղազարյանը
Ցուցահանդեսի ներսում
«Դալան» գալերեայում երեկ բացվեց Մոսկվայում բնակվող մեր հայրենակից Տիգրան Ղազարյանի առաջին անհատական ցուցահանդեսը: 30 տարուց ավելի է՝ նա նկարում է, և իր առաջին անգամ անհատական ցուցահանդես ներկայացնելու հանգամանքն ինքը՝ նկարիչը, բացատրում է հետևյալ կերպ. «Ես ալարկոտ չեմ, բայց շատ պրոդուկտիվ էլ չեմ: Մեկ տարվա համար հազիվ թե մեկ էքսպոզիցիա անեմ: Դրանից բացի, ես ցուցահանդեսացավով չեմ տառապում»: Տ. Ղազարյանի համոզմամբ` երբեմն չնկարելն ավելի մեծ նկարչություն է, քան անընդհատ նկարելը: Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքները մինիմալիստական աբստրակցիա են, իսկ ժամանակ առ ժամանակ մինիմալիստական աբստրակցիային փոխարինում է մոնոխրոմ արվեստը: Ընդհանրապես Տ. Ղազարյանը չի փորձում նյութից փիլիսոփայություն ստանալ. նրա աշխատանքի կոնցեպցիան նյութից նյութ ստանալն է:

Nkarich (2)

«Արդյունաբերական նյութից, ինչպիսին ներկն է՝ ստանում եմ էսթետիկ երևույթ: Իմ աշխատանքները կերպարային չեն՝ երկրաչափական ֆորմաներ են, որոնք վերածվում են ֆակտուրայի՝ մեկնաբանության: Ժամանակի մեջ վերաիմաստավորվելու համար օգնում են գունաբաժանումները»: Մոսկվայում բնակություն հաստատելուց հետո Հայաստան վերադառնալով` նկարիչն առայժմ շատ երևույթներ չի հասկանում, մասնավորապես՝ չի հասկանում~ ինչո՞ւ են կազմակերպվում ցուցահանդեսները:

Nkarich (1)

Կարդացեք նաև

Nkarich (4)

Nkarich (5)

Մանավանդ, որ դրանց ներկա են լինում հիմնականում հեղինակի ընկերական միջավայրն ու գործընկերները: Օրինակ, թեև «Դալանում» արդեն քանի օր է՝ Տ. Ղազարյանի էքսպոզիցիան կա, այդուհանդերձ, ցուցասրահի այցելուների մեծ մասն օտարերկրյա զբոսաշրջիկներն են: «Մոսկվա մեկնելուց հետո Հայաստան վերադառնալով, բնականաբար, դեռևս շատ բաներ չեմ ընկալում: Երկու տարի անց մի լավ բան եմ բացահայտել. կա «Դալան» գալերեա, որը կայացել է, և որն ունի իր հետաքրքիր միջավայրը: Սա մի տարածք է, որտեղ ուզում եմ անվերջ գտնվել, որովհետև ինձ համար սա մի տարածք է, որտեղ հավաքվում են քաղաքի ամենահետաքրքիր մարդիկ:

Քաղաքի շատ մարդկանց ձգում է այս տարածքը, որովհետև հանդիպման, հաղորդակցության, ջերմ մթնոլորտ է ստեղծել: Իսկ քաղաքն ընդհանուր առմամբ` դառնում է Արևելք: Երկու տարի անց քաղաքի ամենամեծ փոփոխությունն ինձ համար բազում սրճարանների գունավոր աթոռներն են: Մարդիկ շատ չեն երևում, կարծես` ապակուց այն կողմ լինեն: Մարդկանց շատ քիչ եմ տեսնում, որովհետև կամ իրենք արդեն քիչ են, կամ՝ մեքենաների մգեցված ապակիների ետևում են: Քաղաքում մի բան կատարվում է, բայց ես չեմ կարող մտքերով արտահայտել, թե ինչ է կատարվում: Հասկանո՞ւմ եք, զգում եմ, որ կատարվում է, բայց չգիտեմ՝ ինչ: Հավանաբար` պիտի կատարվի, որ կարողանանք բառերով նկարագրել կամ բնորոշում տալ»,- ասում է նա:

Ցուցահանդեսից դուրս
Հայաստանում վերջին շրջանում շատ ցուցահանդեսներ են աննկատ բացվում և փակվում՝ հասարակական ակտիվության բացակայության պայմաններում: Մշակութային այդ իրադարձությունները կայանում են մի խումբ մարդկանց ներկայությամբ, որոնք հիմնականում հեղինակի ծանոթներն ու ընկերներն են: Հետևաբար, տպավորություն է, կարծես ցուցահանդեսներ կազմակերպվում են այդ նեղ շրջանակի համար, որոնք գալիս են հեղինակին «հարգանքի տուրք մատուցելու»:

Մշտապես մասնակցելով քաղաքում իրականացվող ցուցահանդեսներին՝ նկատում ենք, որ ներկայացված նկարչության վերաբերյալ չկա կարծիք, մասնագիտական վերլուծություն, քննադատություն կամ բանավեճ: Արդյունքում՝ նկարչությունն ու արվեստաբանական միտքը դառնում են առանձին գործող ինստիտուտներ, որոնց ֆունկցիոնալ կապը կարող էր արվեստի զարգացման հեռանկար ստեղծել: Այսպիսով՝ հարց է ծագում՝ ո՞րն է հայաստանյան արվեստաբանական, մշակութաբանական ինստիտուտի թիրախըգ Արդյո՞ք միայն դրամաշնորհային գործունեությամբ պայմանավորված վերլուծական միտք արտահայտելը: Ի վերջո, ինչո՞ւ որևէ նկարչի ստեղծագործություն չի արժանանում սուր քննադատության կամ երկխոսության:

Ի դեպ, վերջերս գալերիստները շատ են հնչեցնում այն միտքը, թե լրատվամիջոցները չեն լուսաբանում արվեստի վերաբերյալ իրադարձությունները: Մասնավորապես՝ դժգոհում են ցուցահանդեսների մասին հրավերների նկատմամբ լրատվամիջոցների անտարբերությունից: Սակայն հարկ է նկատել, որ պատին փակցված նկարը դեռևս նկարչություն չէ, բայց դժվար է որևէ արվեստաբանից, նկարչից լսել սեփական կարծիք այս կամ այն հեղինակի ներկայացրած գործերի գեղարվեստական արժեքի մասին: Այս ոլորտը, ինչպես նաև շատ այլ ոլորտներ՝ լուրջ ինքնամաքրման կարիք ունի, և անգամ ցուցասրահ մուտք գործած նկարիչները, արվեստագետները, ի վերջո, պետք է ներկայացված նկարչության վերաբերյալ իրենց կարծիքն արտահայտելու համարձակություն ունենան:

Սա վերաբերում է բոլոր՝ սկսած Ժամանակակից արվեստի թանգարանից, մինչև մասնավոր ցուցասրահներին, որտեղ բարձրաձայն կարծիք արտահայտելու տաբու կա, իսկ հեղինակի թիկունքին հնչող բամբասանք՝ որքան ուզեք: Արդյունքում՝ Հայաստանի ժամանակակից նկարչությունը վերածվում է նեղ անձնական, ամբիցիոզ, եսակենտրոն ու կեղծ մի տարածքի, որտեղ իշխում է մարդկային երեսպաշտությունը: Կրկնում ենք՝ սա վերաբերում է ժամանակակից արվեստի ոլորտին, որտեղ խոսքի ազատությունն ամենալայն իմաստով պաշտպանված է, բայց խոսք արտահայտող չկա: Բոլորն իրար հաճոյանում են, և քննադատում են մասնավոր, ընկերական զրույցներում:
«168 ԺԱՄ»

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս