Բաժիններ՝

Գրքերի ցուցահանդես-վաճառք՝ Արմավիրի մարզպետարանում

ՀՀ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնը երեկ ՀՀ Արմավիրի մարզպետարանում կազմակերպել էր գեղարվեստական, ալբոմային, մանկական, հանրամատչելի, դասական, թարգմանական գրականության ցուցահանդես-վաճառք, որին ներկայցված էր շուրջ 100 անուն գիրք՝ հրատարակված վերջին երեք տարիներին:

Գրքերի ցուցահանդես-վաճառքը մարզպետարանի հարկի տակ էր համախմբել մարզի մեծ թվով գրողների, մտավորականների, ուսուցիչների և աշակերտների: Միջոցառումն իր ներկյաությամբ պատվեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդուրադ Միլիտոնյանի ուղեկցությամբ ծանոթացավ ներկայացված գրականությանը և գնեց մեկ տասնյակի հասնող՝ գրական տարբեր ժանրեր ներկայացնող գրքեր:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն արտահայտելով իր դրական վերաբերմունքը մարզերում գրքերի ցուցահանդես-վաճառք կազմակերպելու վերաբերյալ՝ նկատեց, որ նման միջոցառումները նոր մշակույթ են մեր իրականության մեջ և հասարակությանը գրքին մոտեցնելու, գրքասիրությունը վերկանգնելու լրացուցիչ հնարավորություն են ընձեռում:

Մարզպետն իր խոսքում ընդգծեց նաև, որ հայ ազգը միշտ առանձնացել է իր կրթվածությամբ, մտավոր ներուժով ու մշակույթով և, ըստ նրա, նախորդ տարի Հայկական գրատպության 500-ամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու առիթով Հայստանում և արտեկրում իրականացված բազմաթիվ միջոցառումների արդյունքում հայ ժողովուրդը մեկ անգամ ևս իր ուրույն տեղն ամրագրեց համաշխարհային մշակութային կյանքում:

Խոսելով մարզերում գրքերի ցուցահանդես-վաճառք կազմակերպելու մասին՝ մշակույթի նախարարության գրքի և հրատարակչական գործի կենտրոնի տնօրեն Էդուրադ Միլիտոնյանը նշեց, որ միջոցառումը Երևանից դուրս կազմակերպելու հիմնական նպատակն է մարզային ընթերցողների շրջանում բարձրացնել հայ գրքի և հատկապես նոր հրատարակումների ճանաչելիության մակարդակը:

Նրա խոսքով՝ դարեր շարունակ հայ ժողովուրդն իր ազգային դիմանկարը պահպանել է մշակույթի միջոցով և դրանով էլ առանձնացել է աշխարհի մյուս ժողովուրդներից: Էդուրադ Միլիտոնյանն անդրադարձավ նաև գրատպության ոլորտում վերջին տարիներին արձանագրված ձեռքբերումներին և աշխարհին նորովի ներկայանալու ուղղությամբ իրականացված ու նախատեսվող ձեռնարկներին և ամփոփելով իր խոսքը՝ շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, մարզպետարանի աշխատակազմին` միջոցառման կազմակերպմանն աջակցելու և մարզում մշակութային կյանքն ակտիվ պահելու համար:

Օրվա առթիվ իր և մարզի ստեղծագործողների անունից երախտիքի խոսք հղեց նաև “Հայրենականչ” թերթի գլխավոր խմբագիր, Գրողների միության Արմավիրի մարզային կառույցի նախագահ, գրող, բանաստեղծ Ռաֆայել Սահակյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս