Հայրիկյանին ուղեկցում են կարմիր բերետավորները
ԱԻՄ առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանն այսօր ասուլիսին մենակ չէր ներկայացրել՝ նրան ուղեկցում էին կարմիր բերետավորները:
«Ինձ անվտանգության ապահովման համար աշխատակիցներ հատկացրել են պետության նախաձեռնությանբ: Բոլորդ էլ գիտեք, որ հիմնական պատվիրատուն դեռ բացահատված չէ, միջնորդ պատվիարտուն էլ ասում է, թե ինքը չէ: Ուրեմն` նշանակում է, որ նա ով նախաձեռնել էր սա, դեռ գործում է: Քանի որ պետությունը բոլորիս պետությունն է, երևի այնտեղ կան մարդիկ, որ ինձնից լավ են տեղեկացված ու եթե այդպես են գտնում, պետք է համակերպվեմ: Ինձ համար այնքան էլ հաճելի չէ, մշտապես նրանց հետ շրջել»,- այսպես բացատրեց Պ. Հայրիկյանը՝ իրեն ուղեկցող անվտանգության աշխատակիցների ներկայությունը:
Հարցին՝պատվիարտուն հայտնաբերված չէ, ուրեմն համապատասխան մարմինները անգործությա՞ն են մատնված, Պ. Հայրիկյանը պատասխանեց, թե անգործության մատնվելու մասին կարող ենք խոսել բոլոր այն պետությունների մասին, որտեղ սպանություն է կատարվում:
«Այլ բան, որ դատարանն իրեն տարօրինակ պահեց, երբ ես ասացի, որ մարդը 100 հազար դոլար է ստացել իրեն գրեթե անծանոթ մարդուց, ինչո՞ւ չեք քննում, ինչի՞ է Ռուսաստանից այդքան գումար ստացել…»,- նշեց նա:
Անդրադառնալով իր դեմ կատարած մահափորձին, Պ. Հայրիկյանը հարց ուղղեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղա Նիկոլայ Բորդյուժային. «Դուք Հայրիկյանի գնդակահարության հաջորդ օրը հայտարարեցիք, որ կասկածելի է՝ մահափո՞րձ էր դա, թե՞ ոչ: Անցել են ամիսներ ու անառարկելի է, որ դա մահափորձ էր: Հարցրեք նրան՝ ինչո՞վ կարող եք բացատրել Ձեր այդ սադրիչ հայտարարությունը, ինչո՞ւ եք հանդես գալիս մահափորձը կազմակերպողների օգտին»:
Ինչ վերաբերում է նրան, թե արդյո՞ք մահափորձի վարկածները Հայրիկյանի համար մնացել են անփոփոխ, նա նշեց, որ 64 տարի է՝ ապրում է այս մոլորակի վրա ու 47 տարի է ԿԳԲ-ն իրեն իր գաղափարական դիրքորոշման համար հետապնդում է:
Իսկ հարցին, թե պատրաստվո՞ւմ եք մասնակցել 2018 թ. նախագահական ընտրություններին, Պարույր Հայրիկյանը նախընտրեց չպատասխանել՝ պատճառաբանելով, որ հարցը թեմայից դուրս է: