Ադրբեջանական գազը Եվրոպայում կհայտնվի TAP գազատարով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը պաշտոնապես ընտրել է «Անդրադրիատիկ» գազատարի (Trans Adriatic Pipeline, TAP) նախագիծ՝ «Շահ Դենիզ» գազային հանքավայրի գազը Եվրոպա արտահանելու համար:
Բրիտանական BP ընկերության տարածաշրջանային (Ադրբեջան, Վրաստան, Թուրքիա) նախագահ Գորդոն Բիրելն ընդգծել է, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումը վերջին երկու տարիներին դիտարկել է մի շարք տարբերակներ և կատարել է ճիշտ ընտրություն:
Սկզբնական շրջանով Եվրոպան TAP գազատարով կստանա 10 միլիարդ խորանարդ մետր գազ, ինչը կարող է հետագայում ավելացվել: TAP գազատարի երկարությունը կազմելու է 520 կիլոմետր:
Հիշեցնենք, որ սրանից առաջ ավստրիական OMV ընկերությունը հայտնել էր, որ «Շահ Դենիզ» կոնսորցիումը նախապատվությունը տվել է TAP-ի և ոչ թե Nabucco West-ի նախագծին: Նշվում էր, որ ադրբեջանական կողմը հակված է եղել Nabucco West-ի տարբերակին, սակայն BP-ն պնդել է TAP-ի շուրջ: