Կրկին նոր բացահայտումներ Սուրիկ Խաչատրյանի կյանքից
Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը Aravot.am-ին այս անգամ, պատմում է, թե վերջին տարիներին Սուրիկ Խաչատրյանը ինչ շինություններ է Գորիսում սեփականաշնորհել: Նրա պատմելով, Գորիսի «Հայկոոպի» հաշվեկշռում գտնվող հանրախանութը, երբ տարիներ առաջ աճուրդի էր դրվել, երկու անգամ հատուկ նպատակով աճուրդը ձախողվեց: Եվ երրորդ անգամ 20 միլիոն դրամով 4000 քմ տարածք ընդգրկող սրբատաշ բազալտից կառուցված այդ շինությունը գնեց Սուրիկ խաչատրյանը` ձեւակերպելով սկզբում իր եղբոր՝ Սեյրան Խաչատրյանի որդու անունով, հետո իրեն պատկանող «Տիգրան եւ Տրդատ» ընկերության անունով:
Ընկերության տնօրենն իր աներձագն է՝ Վարդան Բարսեղյանը: Պարոն Հարությունյանի խոսքերով, այդ շինության ներսում երկու հանդիսությունների սրահ է գործում.
«Չկա Գորիսի որեւէ պաշտոնյա կամ աշխատավարձ ստացող քաղաքացի, որ իրեն թույլ տա այլ վայրում միջոցառում անցկացնել: Այդ շինության համար ոչինչ չի վճարում պետությանը` ոչ կոմունալ ծախսերը, ոչ հարկեր, անգամ աշխատողները ձեւակերպված չեն: Այդ շենքի մեջ է գործում նաեւ «Տրդատ եւ Տիգրան» ընկերությունը, որը եվրոդռների եւ լուսամուտների արտադրությամբ է զբաղվում»:
Գորիսի նախկին քաղաքապետի խոսքերով, Սուրիկ Խաչատրյանը սեփականաշնորհել է նաեւ Գորիսի քաղաքային սեփականություն հանդիսացող եւ խորհրդային ժամանակների վերջին տարիներին կառուցված 8 հարկանի 6000 քմ տարածքով հյուրանոցը` 17 միլիոն դրամով. «Մի քանի տարի առաջ չնչին գնով սեփականաշնորհել է նախ իր վարորդի` Մանվել Մալինցյանի անունով, հետո փոխել «Տիգրան եւ Տրդատ» ընկերության տնօրեն աներձագի անունով: Կեսից ավելին արդեն եվրոնորոգված է, ու հյուրանոցի արժեքը լինելու է նվազագույնը 6 միլիոն դոլար»:
Պարոն Հարությունյանը նաեւ պատմեց, որ Գորիսի հյուսիսային մասում էլ Երեւան-Ստեփանակերտ ճանապարհին` Արցախյան խճուղում, արդեն 18 տարի է գործում է իր եղբոր Սեյրան Խաչատրյանի` Աղալար մականունով, օբյեկտները. «Տարածքը 5000 քմ է, այդտեղ գործում է սննդի օբյեկտ, բենզինի եւ դիզվառելիքի վաճառքի կետեր եւ խոշոր բեռնատար մեքենաների կայանատեղի. հիմնականում Իրանից ժամանած մեքենաների համար: Այդ հողամասը ձեւակերպված չէ, օբյեկտները ձեւակերպված չեն, գրանցված չեն կադաստրում, այնտեղ նույնպես հողի օգտագործման եւ կոմունալ ծախսերի համար հարկեր չեն վճարում, կան բազմաթիվ աշխատողներ, որոնք ձեւակերպված չեն: Այդ օբյեկտում է երկու տարի առաջ Սուրիկ Խաչատրյանի մորաքրոջ թոռը` Գրիգոր Մանուչարյանը, առանձնակի դաժանությամբ կացնահարելով սպանել է Իրանի իսլամական հանրապետության քաղաքացու եւ դիակը նետել Վարարկն գետը եւ դատապարտվել է ընդամենը 13 տարի: Իրանի դեսպանատունը խորը վրդովմունք է հայտնել, որովհետեւ պարզվում է, որ այսօր ցմահ բանտարկվածների մեծ մասը ավելի դաժան սպանությունների համար են դատապարտվել»:
Կարդացեք այստեղ.