
ԱԷՄԳ-ը հուսով է կոնկրետ արդյունքներ արձանագրել Իրանի նոր նախագահի կառավարման ժամանակ. Յուկիա Ամանո

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ը միտված է Իրանի հետ միջուկային ծրագրի հարցում արդյունքի հասնելուն՝ կապված Իրանում նոր նախագահ ընտրելու հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիա Ամանոն.
«ԱԷՄԳ-ը հավատարիմ է երկխոսության սկզբունքին, որ Իրանի միջուկային հարցն անհրաժեշտ է լուծել դիվանագիտական մեթոդներով: Սակայն երկխոսությունը վարում են հանուն կոնկրետ նպատակների՝ համոզելու համար, որ Իրանում միջուկային տեխնոլոգիաները գործածում են խաղաղ նպատակներով: Իրանի նոր նախագահի ժամանակ էլ մենք նպատակամղված ենք Թեհրանի հետ երկխոսելուն՝ կոնկրետ արդյունքների հասնելու համար»:
Ավելի վաղ Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ պատրաստվում է ակտիվացնել Իրանի միջուկային ծրագրի շուրջ «Վեցյակի» հետ տարվող բանակցությունները: