Թուրքիան կարևոր գործընկեր է, սակայն եվրոպական արժեքներն ավելի կարևոր են. Անգելա Մերկել
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ հետագա բանակցություններում ԵՄ-ը շարունակելու է պնդել Անկարայի կողմից մարդու հիմնարար իրավունքների պահպանումը:
Այս մասին այսօր Գերմանիայի խորհրդարանում հայտարարել է կանցլեր Անգելա Մերկելը. «Թուրքիան ԵՄ-ի համար կարևոր գործընկեր է, սակայն մեր եվրոպական արժեքները, ինչպիսիք են ազատ հանրահավաքներ անցկացնելը, դավանանքի ազատությունը, ունեն անգերազանցելի նշանակություն:
Այդ արժեքները մեզ համար բանակցությունների առարկա չեն: Առաջիկա աշնանը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հեռանկարների վերաբերյալ բանակցությունների մասին ընդունված նոր որոշումը (բանակցային նոր գլխի բացումը) սկզբունքորեն ճիշտ է:
Ընդ որում, ոչ ոք չի պատրաստվում ձևացնել, թե այդ երկրում ցուցարարների հանդեպ գործադրված բնռությունները ոչինչ չեն նշանակում»: