Վճարային տերմինալների միջոցով կատարվել է 14 միլիարդ դրամի վճարում
Այս տարվա առաջին եռամսյակում վճարային գործիքների պրոցեսինգ/քլիրինգ և դրամական (փողային) փոխանցումներ իրականացնող 5 կազմակերպություններ մատուցել են կանխիկ միջոցներով վարձավճարների ընդունման ծառայություններ, այդ թվում 2-ը` տերմինալների միջոցով:
Վճարահաշվարկային կազմակերպությունները ընդունում են կոմունալ ծառայությունների, հեռախոսի և բջջային կապի դիմաց վճարումներ, վարկերի մարմանն ուղղված միջոցներ, բյուջե ուղղված տուգանքներ և պետական տուրքեր, ինտերնետային կապի ծառայությունների դիմաց վճարներ և այլն: Մասնավորապես, վճարահաշվարկային 5 կազմակերպությունների գլխամասային գրասենյակների և մասնաճյուղերի միջոցով իրականացվել է 44.2 մլրդ դրամի միջոցների հավաքագրում, որից 36.2 մլրդ դրամը` կոմունալ վճարումների դիմաց:
Բացի այդ, 2013 թ. առաջին եռամսյակի վերջի դրությամբ 2 վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից շահագործվող 834 ինքնասպասարկման տերմինալների միջոցով հաշվետու ժամանակահատվածում գանձվել է 13.9 մլրդ դրամ (5.1 մլն գործառնություն), որից 7.3 մլրդ դրամը` կոմունալ վճարումների դիմաց:
Անկանխիկ եղանակով գանձվել է 131 մլն դրամ, որից 125 մլն դրամը` կոմունալ վճարումների դիմաց:
Վճարահաշվարկային կազմակերպությունները պրոցեսինգային/քլիրինգային ծառայություններ են մատուցել մի շարք առևտրային բանկերի: Այդ առևտրային բանկերը, համագործակցելով վճարահաշվարկային կազմակերպությունների հետ, կոմունալ ծառայությունների վճարները գանձել են իրենց մասնաճյուղային ցանցի միջոցով, որտեղ կատարվել է մոտ 1.5 մլրդ դրամի չափով 297 հազար գործառնություն: