Ժպտացե՛ք, պարոնայք, ձեզ նվաստացնում են

Մինչ Հայաստանի իշխանությունը փորձում է բոլոր հնարավոր ձևերով սեթևեթել Եվրասիական Միություն-Եվրամիություն երկընտրանքի շուրջ՝ ամեն ինչ անելով Ռուսաստանին չբարկացնելու համար, վերջինս Հայաստանի հետ խաղում է ավելի բաց խաղաքարտերով՝ առանց ավելորդ ձևականությունների:

Դրա ամենավառ ապացույցը երեկ Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղա Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունն էր այն մասին, որ Ռուսաստանն առանց այդ էլ շատ բան է անում Հայաստանի համար: Այս հայտարարությունը Բորդյուժան արել է պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը՝ որպես ռազմավարական գործընկեր, Հայաստանին տեղեկացրե՞լ է Ադրբեջանին մոտ 1 միլիարդ դոլարի զենք վաճառելու մասին: Դրանից առաջ Բորդյուժան հասցրել է անել մեկ այլ՝ ոչ պակաս անբռնազբոս հայտարարություն՝ Ադրբեջանին զենք վաճառելու մասին:

«Դա բիզնես է, դա շուկա է, դա ՌԴ-ի տնտեսությունն է»,- ասել է նա`պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանի քայլը չի հակասում դաշնակցային հարաբերություններին: «Ռուսաստանի Դաշնությունը զենքի ամենամեծ արտադրողներից և մատակարարներից է: ՌԴ-ն զենք է վաճառում տասնյակ երկրների, այդ թվում՝ և ոչ ՀԱՊԿ անդամներին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը: Սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ օգտագործելով հայոց լեզվի բոլոր հնարավորությունները, օր ու գիշեր խոսում են հայ-ռուսական «ռազմավարական» հարաբերությունների «աննախադեպ» բնույթի մասին:

Մինչդեռ Ռուսաստանն ամենապարզ լեզվով ասում է, որ հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող գերադասվել Ռուսաստանի բիզնես շահերին: Բիզնեսի գլխավոր նպատակը, ինչպես հայտնի է, շահույթ ստանալն է, ինչին ստորադասվում է ցանկացած երևույթ, տվյալ դեպքում՝ հայ-ռուսական հարաբերությունները: Նույն հաջողությամբ ու Բորդյուժայի տրամաբանությամբ՝ երբևէ Ռուսաստանը կարող է, ասենք, մեր երկրում գրեթե ամբողջությամբ իրեն պատկանող էներգետիկ հզորությունները վաճառել Ադրբեջանին՝ դա հիմնավորելով բիզնես նպատակահարմարությամբ:

Այս պայմաններում, կոնկրետ բիզնես շահի մասով, Հայաստանի առաջին արձագանքը կարող էր լինել, օրինակ, ՀՀ-ում ռուսական ռազմակայանների տեղակայման դիմաց շուկայական գներով վարձավճարի գանձումը: Մյուս կողմից՝ անիմաստ է քննարկել, թե ՀՀ իշխանությունն ինչպե՞ս կարող է պատասխանել ռուսական ապտակներին, այն պարզ պատճառով, որ դրա համար, առաջին հերթին, ցանկություն է պետք:

Քանի որ իրականում այնպիսի տպավորություն է ստացվում, որ մեր իշխանության ներկայացուցիչները Ռուսաստանի հետ հարաբերվում են մազոխիստական մոտիվներով՝ որքան ավելի են ռուսները նվաստացնում, այնքան ավելի մեծ հաճույք են ստանում: Ու ամենևին պատահական չէ, որ Բորդյուժան Հայաստանի ինքնիշխանությունն ու արժանապատվությունը ոտնահարող այդ հայտարարությունն անում էր Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի լայնարձակ ժպիտի ներքո:

Տեսանյութեր

Լրահոս