Արմեն Գևորգյանը խորհրդակցություն է անցկացրել Լոռու մարզպետարանում
Հունիսի 26-ին աշխատանքային այցով Լոռու մարզ էր մեկնել ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ ծանոթանալու առաջնահերթ խնդիրների լուծման պետական ծրագրով մարզում իրականացվող աշխատանքների ընթացքին:
Մարզպետ Արթուր Նալբանդյանի ուղեկցությամբ փոխվարչապետն առաջինն այցելել է Գուգարք համայնք, ուր ծանոթացավ նորակառույց ամբուլատորիայի պայմաններին: Երկրաշարժից հետո գյուղի բնակչության բուժսպասարկումն իրականցվում էր տնակային պայմաններում:
Նոր ամբուլատորիայի կառուցման համար մարզի առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրով հատկացվել է 31,6 մլն դրամ, եւ առաջիկա օրերին շենքն ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման:
Այնուհետև Ա. Գեւորգյանը Ղուրսալի համայնքում ծանոթացավ նորակառույց համայնքային կենտրոնում կատարված աշխատանքներին: Նոր կենտրոնի կառուցման համար պետբյուջեից հատկացվել է շուրջ 40 մլն դրամ:
Համայնքներ այցելություններից հետո փոխվարչապետը խորհրդակցություն անցկացրեց Լոռու մարզապետարանում, որի ընթացքում մարզպետի, մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ քննարկվեցին մարզում իրականացվող առաջնահերթ խնդիրների լուծման չորրորդ ծրագրի, Վանաձոր քաղաքի փողոցների բարեկարգման, ջրամատակարարման համակարգի արդիականացման ծրագրերի, համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքի, գյուղմթերքի իրացման իրավիճակի հետ կապված եւ մի շարք այլ հարցեր: