Բաժիններ՝

Կաթսայով հարվածել են 66-ամյա Գագիկ Հարությունյանի գլխին և ծեծի ենթարկել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է 2013 թվականի մայիսի 1-ին Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ է 2013 թվականի մայիսի 1-ին` ժամը 14-30-ի սահմաններում, Քաղցրաշեն գյուղի բնակիչներ՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ Արտաշատի ՏՀՏ գլխավոր հարկային տեսուչ Ավագ Գալստյանը, որդու՝  Սիփան Գալստյանի, և եղբորորդու՝  Նարեկ Գալստյանի հետ չնչին առիթով՝  խուլիգանական մղումներով աղմկելով ու բարձրաձայն հայհոյանքներ տալով մտել են հարևանությամբ բնակվող Գագիկ Հարությունյանի տան բակ, ապա նաև՝ տուն, որտեղ, անտեսելով տանը գտնվող կանանց, անչափահաս երեխաների, ինչպես նաև աղմուկից փողոցում հավաքված բազմաթիվ հարևանների ներկայությունը, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, հայհոյանքները շարունակելով հարձակվել և կոպիտ ֆիզիկական ուժի գործադրմամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել 66-ամյա Գագիկ Հարությունյանին:

Նարեկ Գալստյանը, խոհանոցից վերցնելով մետաղյա կաթսա և այն որպես զենք օգտագործելով, դիտավորությամբ հարվածել է Գագիկ Հարությունյանի գլխին, ով ուշաթափվել և վայր է ընկել: Նույն գործողությունը կատարել է նաև Սիփան Գալստյանը հասարակական կարգի խախտումը խափանելու նպատակով վիճաբանությանը միջամտած՝ Գագիկ Հարությունյանի հարս Անահիտ Հարությունյանի նկատմամբ, ում՝ որպես զենք օգտագործվող առարկայով հարվածելուց և վայր գցելուց հետո շարունակել է խուլիգանական գործողությունները, նույնիսկ՝ այդ վիճակում ոտքով հարվածել է վերջինիս որովայնին:

Ավագ, Սիփան և Նարեկ Գալստյանների խուլիգանական գործողությունները հաջողվել է դադարեցնել միայն վիճաբանության ու հայհոյանքների ձայներից հավաքված բազմաթիվ հարևանների ու պատահական անցորդների ակտիվ միջամտության շնորհիվ:
Ավագ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Սիփան և Նարեկ Գալստյաններին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով:

Ինչպես տեղեկացնում են ՀՔԾ-ից, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկող դատախազին՝  այն հաստատելու և Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու համար:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս