Մորն ու տատիկին խոշտանգելու մեջ մեղադրվող ամուսիններն ընտրել են անհրաժեշտ պաշտպանության մարտավարությունը
Որդու և հարսի կողմից մորն ու տատիկին խոշտանգելու գործով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ցուցմունք տվեցին խոշտանգելու մեջ մեղադրվողները՝ ամուսիններ Գուրգեն և Սյուզաննա Գրիգորյանները: Այս մասին գրում է «Փաստինֆոն»:
Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Գրիգորյանը իր կնոջ` Սյուզաննա Գրիգորյանի հետ միասին տան հետ կապված և կենցաղային հարցերով 01.02.2012թ. մինչև 11.06.2012թ. ընկած ժամանակահատվածում ուժեղ ցավ, մարմնական և հոգեկան տառապանքներ են պատճառել` խոշտանգելով Գուրգեն Գրիգորյանի մորը՝ Թագուհի Գրիգորյանին, և տատիկին` Նազիկ Կարապետյանին:
Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 5 հոդվածներով, իսկ կնոջը՝ Սյուզաննա Գրիգորյանին, 2 հոդվածներով, և, ըստ հաջորդականության, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը և ստորագրությունը չհեռանալու մասին:
Նախ նշենք, որ այսօրվա նիստը սկսվեց 1 ժամից ավել ուշացումով՝ մեղադրողի ուշանալու պատճառով։ Այնուամենայնիվ, նիստը տեղի ունեցավ եւ, դատարանի կողմից սահմանված ապացույցների հետազոտման հաջորդականության համաձայն, ցուցմունք տվեցին ամբաստանյալները։
Ամբաստանյալ Գուրգեն Գրիգորյանը նախ նկարագրեց իրենց տան մթնոլորտը՝ նշելով, որ իր ամուսնության հաջորդ իսկ օրվանից վեճերն անպակաս են եղել՝ որպես «մեղավոր» մատնանշելով մորը։ Ըստ ամբաստանյալի` մայրն արդեն շուրջ 20 տարի է, ինչ ընդգրկված է աղանդավորական խմբավորման մեջ, որտեղ փորձել է ներքաշել նախ իրեն, ապա՝ կնոջը:
Ամբաստանյալի ցուցմունքների համաձայն՝ ամուսնության երրորդ օրը ամուսինները հեռացել են տանից և ապրել վարձակալած բնակարանում, իսկ հետագայում տուն են վերադարձել` մոր խնդրանքով։ Համատեղ բնակվելու վեճերը շարունակվել են և, Գրիգորյանի խոսքով, յուրաքանչյուր վեճից հետո մայրը դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ իրեն ծեծել են, խոշտանգել:
Ամբաստանյալը համաձայն չէ խոշտանգելու համար առաջադրված մեղադրանքի հետ եւ դատարանում փորձեց տպավորություն ստեղծել, թե չի հասկանում անգամ այդ բառի իմաստը։ Համենայն դեպս իր կնոջ պաշտպան՝ Էդուարդ Աղաջանյանի հարցին ի պատասխան, թե ի վերջո ամբաստանյալը խոշտանգել կամ կտտանքների ենթարկել է իր մորն ու տատիկին՝ ամբաստանյալը խնդրեց պարզ արտահայտվել եւ մանրամասնել, թե ինչ է նշանակում խոշտանգել կամ կտտանքների ենթարկելը։
Ապա նաեւ հայտարարեց, որ չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ նշելով, թե ինքը միայն ապտակել ու հրել է մորը։ Կատարվածին ամբաստանյալն ուներ իր բացատրությունն ու արդարացումը. մորը հրել և ապտակել է՝ տեսնելով, թե մայրը ինչպես է իր երեխային բազմոցի վրայից գցել ցած:
Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` մայրը և տատիկը ստացել են մարմնական վնասվածքներ, ինչն ամբաստանյալը մեկնաբանեց հետևյալ կերպ. «Ես էլ կարող եմ գլուխս ինչ-որ տեղ խփել ու վնասվածք ստանալ»: Ամբաստանյալի նման վարքագիծն առաջացրեց դատավորի զայրույթը։ Ի դեպ, նշենք, որ դատավարության ամբողջ ընթացքում դատավորը ստիպված էր լինում մերթընդմերթ դիտողություն անել ամբաստանյալ ամուսիններին՝ իրենց ոչ ադեկվատ պահվածքի համար:
Ինչ վերաբերում է տատիկին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու դրվագին, ապա ամբաստանյալը հայտարարեց, թե բարձ է նետել տատիկի վրա, և դժվար թե դրանից նա ծանր մարմնական վնասվածք ստանար:
Ամբաստանյալի մոր դիտարկմամբ` որդու բոլոր ցուցմունքները կեղծ էին: Նա դատարանում նաև նշեց, որ որդին դատապարտված է եղել, ինչը թաքցվել է, ինչին ի պատասխան որդու կողմից հնչեց հետեւյալ արձագանքը. «Քեզ քրֆել են դրա համար եմ դատվել»:
Հաջորդը ցուցմունք տվեց մյուս ամբաստանյալը` Գուրգեն Գրիգորյանի կինը՝ Սյուզաննա Գրիգորյանը, ով փորձեց իր գործողություններն արդարացնել անհրաժեշտ պաշտպանությամբ՝ հայտարարելով, թե նախ ամուսնու մայրն է իրեն ծեծի ենթարկել և կծոտել, իսկ ինքը ընդամենը պաշտպանվել է։ Ավելին, վերջինս նշեց, թե ամուսնու մայրը հոգեկան խնդիրներ ունի։ Նկատենք, որ ամուսինը ցուցմունքներ տալիս շեշտը դրել էր ոչ թե մոր հոգեկան խնդիրներ ունենալու, այլ` աղանդավորական ինչ-որ կազմակերպության անդամակցելու, տարօրինակություններ ունենալու վրա։
Կարդացեք այստեղ.