Բաժիններ՝

Դատավորը չի՞ ցանկանում դատարան հրավիրել Մանյա և Վարդան Ղուկասյաններին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Կարեն Եսայանի սպանության գործով դատավարությունը: Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ն, մինչ դատավարության մեկնարկը դատավոր Մարտին Սարոյանը հայտարարեց, որ ամբաստանյալի փաստաբան Լուսինե Սահակյանի նկատմամբ կիրառվել է սանկցիա նախազգուշացման տեսքով՝ նախորդ դատական նիստին դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու պատճառով: Հիշեցնենք, որ փաստաբանը նախորդ նիստին հայտարարել էր, որ չի ցանկանում մասնակից դառնալ դատարանի կայացրած ապօրինի որոշումներին և հեռացել էր դատարանի դահլիճից: Դատակոչված վկաները դատարան դարձյալ չէին ներկայացել, ուստի փաստաբան Լուսինե Սահակյանը հանդես եկավ միջնորդությամբ՝ դատարանին ներկայացնելով ԶԼՄ-ների բազմաթիվ հրապարակումներ, որոնցում պարզ երևում է, որ Վարդան Ղուկասյանը ֆիզիկական առումով ի վիճակի է դատարան ներկայանալ, ավելին, մասնակցել է Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի հրդեհաշիջման աշխատանքներին և հանդես է եկել ուղիղ եթերով:

Հաշվի առնելով վերը նշված հրապարակումները՝ Լուսինե Սահակյանը դատարանին խնդրեց վերանայել Վարդան Ղուկասյանի նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները հրապարակելու մասին որոշումը և վերջինիս դատարան ներկայանալու մասին ծանուցում ուղարկել, իսկ չներկայանալու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կայացնել:

Դատավոր Մարտին Սահակյանն էլ հակադարձեց փաստաբանին. «Դուք ներկայացրեցիք միայն Վարդան Ղուկասյանի վերաբերյալ, մենք ունենք նաև այլ վկաներ, որոնց վերաբերյալ դատարանը որոշում է կայացրել հրապարակել նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները»: Մասնավորապես խոսքը վերաբերում էր ամբաստանյալի մորը՝ Անահիտ Նիկոլյանին և Մանյա Ղուկասյանին, ով սպանված Կարեն Եսայանի հարսնացուն էր: «Անահիտ Նիկոլյանի առողջական վիճակն արդեն բավարար է, որպեսզի հաջորդ դատական նիստերին նա ներկայանա դատարան: Մանյա Ղուկասյանի պարագայում մենք ունենք համապատասխան փաստաթուղթ՝ ներկայացված Սպիտակ հիվանդանոցից, որտեղ ասվում է, որ վերջինս ունի խնդիրներ՝ կապված կույր աղիքի հետ, ինչը պահանջում է վիրահատական միջամտություն, արդեն 3 շաբաթ ժամանակ է անցել, և նա կկարողանա ներկայանալ դատարան»: Մեղադրող կողմը միջնորդության հետ համաձայն չէր և կարծում էր, որ անհրաժեշտ է հրապարակել նախաքննության ընթացքում տված ցուցմունքները՝ առանց վկաներին դատարան հրավիրելու: Դատարանը որոշեց վկաների նախաքննության ցուցմունքների հրապարակումը դադարեցնել և շարունակելով դատական նիստը՝ դիտել գործին կցված տեսաերիզները: Հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո, երբ դատարանը պատրաստվում էր անցնել ապացույցների քննարկմանը՝ այն է տեսաերիզների դիտում, տուժողի իրավահաջորդը առարկեց՝ նշելով. «Ասենք եկեղեցին այրվում ա, մարդն էլ աստվածավախ մարդ ա, իրան նետել է կրակների մեջ, ես էլ լինեի կվազեի, դա ի՞նչ հիմք է, որ դատարանը փոխի իր որոշումը»:

Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ ԳԱԼԱ-ի կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս