Բաժիններ՝

Մահացած երիտասարդի հայրը բողոքարկելու է դատարանի վճիռը

19- ամյա Աբրահամ Բագլաչյանի և նրա հորեղբոր՝ 45-ամյա Տիգրան Բագլաչյանի մահվան մեջ մեղադրվող Մկրտիչ Դանիելյանը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման։ Այսօր այս մասին «Ա1+»-ին հայտնել է Աբրահամ Բագլաչյանի հայրը՝ Արայիկ Բագլաչյանը։

«Վճիռը կայացրել է Աբովյանի առաջին ատյանի դատարանը՝ երեկ։ Իհարկե, ես գոհ չեմ վճռից և բողոքարկելու եմ։ Նորից եմ ուզում հիշեցնել, որ այս դեպքը կապված է զուտ մեր Հրազդանի քաղաքապետի՝ Արամ Դանիելյանի հետ, որովհետև քաղաքապետի հորեղբոր տղան է մեքենայի մեջ եղել։ Մեր «Ժիգուլիին» հարվածել է դիմացից մեծ արագությամբ ընթացող մեքենան, որդիս և եղբայրս տեղում մահացել են»,-ասել է Արայիկ Բագլաչյանը։

«Ա1+»-ը հիշեցնում է, որ 2008թ. հոկտեմբերի 25-ին Հանքավանի մայրուղու ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել են Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Աբրահամ և Տիգրան Բագլաչյանները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս