
Այդ երբվանի՞ց. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Արտաքին գործերի փոխնախարար Զ. Մնացականյանը «ՀԺ»-ի «Շուշա քցենք եվրոյով» նյութի կապակցությամբ երեկ tert.am-ին ասել է, թե ԵԽԽՎ պալատի պատուհանների ապակիները գցելով՝ ՀՀ-ն իր ներդրումն է արել մշակութային հավաքածուում:
«Սա որևէ կապ չունի մեր նախագահության հետ: Հայաստանը մի շարք երկրների թվում մասնակցել է և շահել է մրցույթ»,- ասել է փոխնախարարը: Թե ինչ մրցույթի մասին է խոսքը, երբ ԵԽԽՎ բյուրոյի զեկույցում հատուկ տողով շնորհակալություն է հայտնվում ՀՀ կառավարությանը՝ Վեհաժողովի պալատի պատուհանների ապակիների նվիրաբերության համար, անհասկանալի է:
«ՀԺ»-ի հարցերին, թե ինչ արժե այդ նվիրաբերությունը, ում նախաձեռնությունն է այն և որն է դրա նպատակը, կամ այդ ինչ մրցույթի մասին է խոսքը, կառավարության լրատվական ծառայությունից երեկ այդպես էլ չեն պատասխանել: Ստացվում է, նախկինում գործող ավանդույթին՝ բաստուրմա-սուջուխին, կոնյակներին ու նկարներին փոխարինելու է գալիս մի նոր ավանդույթ՝ ՀՀ իշխանությունները դրսի հետ իրենց հարցերն այժմ լուծում են նման «մրցույթ-նվիրաբերությունների» միջոցով»: