Սնուդենը չի հատել ռուսական սահմանը. Սերգեյ Լավրով
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է իր ալժիրցի գործընկեր Մուրադ Մեդելսիի հետ: Հանդիպումից հետո Լավրովը հայտարարել է, որ ԿՀՎ-ի նախկին աշխատակիցը չի հատել ռուսական սահմանը.
«Ես ցանկանում եմ ասել, որ մենք ոչ մի կապ չունենք ո՛չ Սնոուդենի, ո՛չ էլ ԱՄՆ արդարադատության նախարարության ու նրա միջև հարաբերությունների հետ: Նա ինքնակամ է ընտրել իր երթուղին: Այդ մասին մենք իմացել ենք ԶԼՄ-ներից: Սնոուդենը չի հատել ռուսական սահմանը»:
Լավրովը կատարելապես անհիմն ու անընդունելի է համարել ռուսական կողմին դատապարտելը՝ կապված ԱՄՆ օրենքները խախտելու, առավել ևս դավ նյութելու հետ: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը չի հանդուրժի իրեն սպառնալիքներ հասցեագրելը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ հաղորդվում էր, թե Սնոուդենը գտնվում է Մոսկվայում, և որ Վաշինգտոնն ակնկալում է նրա արտահանձնումը: