Լրատվամիջոցները պայքարում են սեփական իրավունքների համար
Վերջերս էլեկտրոնային լրատվամիջոցները հայտարարություն էին տարածել` հանուն բարեխիղճ լրագրության` սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:
«Այս նախաձեռնության անհրաժեշտությունը շատ ավելի վաղուց էր հասունացել, որովհետև hայաստանյան լրատվական դաշտում գրեթե ամեն օր ծնվում ու ամեն օր էլ մահանում են տարբեր կայքեր, որոնք շատ հաճախ չունեն աշխատակազմ, գրասենյակ, խմբագիր, չունեն անգամ ցանկություն՝ հետևելու լրագրողական էթիկայի պահպանման կանոններին»:
Այս մասին այսօր` «Մեդիակետրոնում», լրատվամիջոցների կողմից տարածած հայտարարության կապակցությամբ հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` նշելով, որ նմանատիպ լրատվամիջոցների գործունեությունը պետք է որևէ կերպ «կաղապարների մեջ դնել», որպեսզի մարդիկ հասկանան, որ չի կարելի պարզապես «վերցնել ու մի 2 հոգով և մի ամբողջ կայքի աշխատանքը կատարել` յուրացնելով մյուս լրագրողների կատարած բարեխիղճ աշխատանքը»:
«Այսօր բազմաթիվ լրագրողներ կան, ովքեր գնում են, հայթայթում են նյութեր, էքսկլյուզիվ լուրեր են ստեղծում, տեղադրում են իրենց կայքերում կամ թերթերում, և վայրկյաններ անց այդ նույն լուրը դառնում է մյուս լրատվամիջոցների սեփականությունը, շատ հաճախ՝ ոչ առանց պատշաճ հղումի: Այսինքն` տեսանելի հիպերհղումով»,- ասաց Թ. Թովմասյանը:
Shamshyan.com կայքի ներկայացուցիչ Գևորգ էմին-Տերյանի խոսքով` այս հարցը շատ ավելի խորն է, քան կարող է թվալ առաջին հայացքից, քանի որ կան կայքեր, որոնք լրատվական չեն, բայց իրենց ներկայացնում են՝ որպես լրատվական, որոշ կայքեր էլ թրաֆիկ են գնում՝ ուղղակի ուրիշի հաշվին ապրելու այս մոլուցքով:
«Մարդիկ ուղղակի վերցնում են, նույնիսկ ոչ առանց պատշաճ հղումի՝ դնում են տեքստեր, և համարում են, որ իրենք այդպես լրատվություն են տարածում: Սա մի փոքրիկ քայլ է, որ կարող է լրատվական դաշտում գոնե մի փոքր բարեխղճություն ստեղծել»,- ասաց Գ. Էմին-Տերյանը:
Blognews.am կայքի գլխավոր խմբագրի օգնական Կոստանտին Տեր-Նակալյանն էլ նշեց, որ, ըստ էության, իրենք շատ կողմ են այս նախաձեռնությանը, սակայն բանն այն է, որ Blognews.am կայքում տեղ գտած հրապարակումները չեն հանդիսանում իրենց կայքի սեփականությունը, այլ հանդիսանում են տվյալ հրապարակման հեղինակի կամ լրատվամիջոցի սեփականությունը, բայց իրենք կողմ են էթիկական կանոնների կիրառմանը. օրենքով թե առանց օրենքի՝ հրապարակման աղբյուրին հղում տալու նախաձեռնությանը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի խոսքով` տեխնոլոգիաները զարգանում են շատ սրընթաց, և նոր մարտահրավերներ են ի հայտ գալիս, ուստի լրատվամիջոցների այս մտահոգությունը հասկանալի է: «Բանն այն է, որ այն օրենքը, որը ստեղծվել է տարիներ առաջ, այն ժամանակվա համար էր ստեղծվել, և մի շարք ուղղություններ, որոնք յուրահատուկ են և այսօրվա իրողություններ են դրանք, իհարկե, համապատասխան փոփոխությունների և լրացումների կարիք ունեն:
Սակայն դա ոչ այնքան օրենքի խնդիր է, որքան լրատվական համայնքի ներսում օրենքների մշակման, և այդ առումով ես ողջունում եմ 15 լրատվամիջոցների ղեկավարներին, որոնք մտահոգ են և հայտարարությամբ են հանդես եկել, և պատրաստ եմ նաև աջակցել»,- ասաց Ա. Մելիքյանը` նշելով, որ այն, ինչ այսօր կատարվում է լրատվական դաշտում, իսկապես գրագողություն է, իսկ գողության համար պետք է պատասխանատվության ենթարկվել:
Թ.Թովմասյանի տեղեկացմամբ, օրեցօր նոր լրատվամիջոցներ են միանում իրենց տարածած հայտարարությանը, այնպես որ՝ ցանկում տեղ գտած 15 լրատվամիջոցների առկայությունը դեռևս վերջնական թիվը չէ: Նա տեղեկացրեց նաև, որ լրատվամիջոցների անհանգստության և պայքարի արդյունքում՝ «Հեղինակային և հարակից իրավունքների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծ է ներկայացվել Ազգային ժողով, որը կքննարկվի աշնանային նստաշրջանում: