Պղպեղ սև` բուժիչ համեմունք
Բուժիչ նամակներ
Պղպեղազգիների ընտանիքի (piperaceae) առավել հայտնի տեսակները երեք են. Սև (Piper nigrum), Կուբեբի (P. cubeba) և պղպեղ երկար (P. longum)։
Երեքն էլ 4-9 մ բարձրությամբ մագլցող բույսեր են։ Պղպեղ երկարը բնության մեջ հանդիպում է Հնդկաստանում, Ֆիլիպիններում, Մոլուկյան և Մեծ Զոնդի կղզիներում։ Պտղաբույլերի երկարությունը մոտ 5 սմ է, տրամագիծը` 0,5 սմ, դրանք բաղկացած են մանր, կանաչավուն կիպ սերտաճած սերմերից։ Պտղաբույլը հավաքում և չորացնում են նախքան հասունանալը։ Պղպեղ երկարի չորացրած պտղաբույլը շատ ավելի կծու է, քան պղպեղ սևը, և դա է պատճառը, որ հազարամյակներ առաջ հարգի է եղել հին Պարսկաստանում, Հայաստանում, Առաջավոր Ասիայում, Հունաստանում և Հռոմում։
Միջնադարում պղպեղ երկարի առևտուրը մեծ ծավալներ է ունեցել, իսկ հաջողակ առևտրականներին անվանել են «Պիպերացի»։ Մեր օրերում պղպեղ երկարն օգտագործվում է հիմնականում այն վայրերում, որտեղ հանդիպում է բնության մեջ, և Հեռավոր Արևելքում։
Պղպեղ Կուբեբի հայրենիքը Մեծ Զոնդի կղզիներն են (Ջավա, Սումատրա և այլն), որտեղ այն մշակվում է։ Հնում ունեցել է մեծ պահանջարկ` որպես համեմունք և բուժիչ հատկություններ ունեցող բույս։
Հազարամյակներ առաջ հնդիկներն օգտագործել են բույսը միզուղիների բորբոքային հիվանդությունների բուժման համար։ 19-րդ դարում բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են Ջավա կղզու վրա ապրող անգլիացի զինվորականները, հետագայում բույսն ընդգրկվել է մի շարք եվրոպական երկրների դեղաբանական ցանկերում։
Պղպեղ Կուբեբի պտուղը տարբերվում է պղպեղ սևից նրանով, որ ունի երկարավուն բարակ ելուստ-սերմնարան, որը չի անջատվում չոր պտղից։ Պղպեղ Կուբեբի սուր այրող համը բնորոշվում է ոչ թե պիպերինով, որը պարունակվում է սև պղպեղում, այլ կուբեբինով և կամֆորայի բուրմունքը հիշեցնող նյութերով։
Սև պղպեղի հայրենիքը Հնդկաստանի հարավ-արևմտյան ափերին գտնվող Մալաբար մարզի անտառներն են։ Մշակվում է աշխարհի բոլոր արևադարձային գոտիներում։
Պտղաբերում է երրորդ տարում, բերքատվությունը հասնում է առավելագույնին (3,5կգ` մեկ թփից), 7-9-րդ տարում։
Պտուղները հավաքում են մինչև հասունանալը` երբ դրանք կանաչ կամ դեղին են, բերքահավաքի ժամանակը մի քանի ամիս է, քանի որ պտուղներն անհավասարաչափ են հասունանում։ Չորացման շրջանում պտուղը սկզբից` կարմրում, իսկ հետո սևանում և կնճռոտվում է։ Որպես համեմունք` օգտագործվում է չորացրած ամբողջական սերմը կամ կճեպից ազատված միջուկը, որը հայտնի է սպիտակ պղպեղ անվանմամբ։
Պղպեղ սևն ամենատարածված և մեծ պահանջարկ ունեցող համեմունքն է։
Պարունակում է 5-9 տոկոս պիպերին, մինչև 4 տոկոս եթերային յուղ, ացետիլքոլին, քոլին, բուրավետ խեժեր, ալկալոիդներ, օսլա, քրոմ և այլն։
Պղպեղ սևից ստացված պատրաստուկներն ունեն մարսողությունը կարգավորող ստամոքսահյութի թթվայնությունը բարձրացնող, արյունաստեղծ, վահանաձև և ենթաստամոքսային գեղձերի գործունեությունը խթանող ազդեցություն, նաև հակակարկամային, հիպոտենզիվ հատկություն։ Արտաքին օգտագործման դեպքում կարևորվում են պղպեղ սևի ցավազրկող, հակաբորբոքային հատկությունները։
Ժողովրդական դեղատոմսեր
Բարձր ներգանգային ճնշում. Օրը մեկ անգամ 5-10 րոպե ծամեք 4-6 հատ պղպեղի պտուղ և չամիչ, առաջացող հեղուկից պետք է պարբերաբար ազատվել։
Շարունակեք մեկ ամիս։
Քրոնիկ բրոնխիտ. 1 թ/գ թարմ աղացած պղպեղ սևի պտղի փոշին խառնեք 300 գ մեղրի հետ։ Խմեք 1-ական թ/գ` օրը 3 անգամ։ Խորուրդ է տրվում որպես միզամուղ` սրտի անբավարար աշխատանքի, նաև դաշտանի ուշացման կամ բացակայության դեպքում։
Մարսողությունը լավացնող. 1 թ/գ պղպեղի պտուղը 10 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 3 անգամ։
Տղամարդկանց համար
Շագանակագեղձի ադենոմա. Փոշիացրեք, խառնեք պղպեղի պտուղ, նռան չորացրած կեղև, ընկույզի միջուկ (1։2։2)։ Պատրաստեք մասուրի պտղի թուրմ. 1 ճ/գ պտուղը 1 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական թ/գ փոշիների խառնուրդ` 100 մլ թուրմի հետ, օրը 2 անգամ, ուտելուց 15 րոպե առաջ։ Շարունակեք 28 օր։
Առնականության անկում. 200 մլ կաթի մեջ լուծեք կես թ/գ պղպեղի փոշու և շաքարավազի խառնուրդ (1։1), անմիջապես խմեք։ Շարունակեք 7 օր։
Յուղամզվածք. 1 ճ/գ պղպեղի փոշին լուծեք 200 մլ ձիթապտղի յուղի մեջ, 5-10 րոպե եռացրեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք, քամեք։ Նախատեսված է արտաքին օգտագործման համար։ Շփեք մաշկին օստեոխոնդրոզի, հոդացավի, ռադիկուլիտի, դեմքի եռաճյուղ նյարդի, նևրիտի, միոզիտի, պարալիչի դեպքում։
Գրիպ. Խառնեք կեսական թ/գ պղպեղի պտղի և կոճապղպեղի արմատի փոշիներ, 2 թ/գ մեղր։ Խմեք 3-ական թ/գ` օրը 4-5 անգամ։ Լավ արդյունք է տալիս հիվանդության նախնական շրջանում։
Գազերի կուտակում որովայնում, մետեորիզմ. Փոշիացրեք, խառնեք դափնու 1 միջին տերև և պղպեղի 1 հատիկ, լուծեք թեյի մեջ։ Խմեք օրը 2 անգամ, շարունակեք 3 օր (ոչ ավելի)։
Վիտիլիգո. Հալեցրեք հավի ներքին ճարպը, ավելացրեք փոշիացրած պղպեղի, սոյայի և ոլոռի խառնուրդ (1։1։1), մինչև ստացվի համասեռ զանգված, 5 րոպե եփեք։ Քսեք մաշկի գունազուրկ հատվածին։ Շարունակեք 40 օր։
Որքին. Խառնեք պղպեղի փոշի և հինա (1։1), քսեք մաշկին։
Սկրաբ. 1 ճ/գ խոշոր աղացած պղպեղը խառնեք 100 գ ծովի աղի և 2 ճ/գ բուսայուղի հետ։ Օգտագործելուց առաջ խառնուրդը լուծեք 50 մլ եռջրում։ Քսեք մաշկին, 2 րոպեից լվացեք։ Աղը մաքրում է մաշկը, իսկ պղպեղը լավացնում է արյան շրջանառությունը։
Լուծ. Կուլ տվեք պղպեղի 5 պտուղ ուտելուց 2 ժամ առաջ, գոլ ջրի հետ։ Մինչև ուտելը չի կարելի սառը ջուր խմել։
Հակաուռուցքային. Եռացրեք չզտված բուսայուղ, անջատեք կրակը, պղպեղի պտուղները 5 րոպե թրմեք յուղի մեջ։ Պղպեղի պտուղը տեղադրեք սև չամիչի մեջ։ Կերեք 5 այդպիսի «դեղահաբ» օրվա ընթացքում, 5-10 րոպե ծամեք։ Շարունակեք 15-20 օր։
Քարեր լեղապարկում, երիկամներում. Առաջին օրը կերեք մեկական չամիչ և պղպեղ` ուտելուց 30 րոպե հետո։ Երկրորդ օրը` երկուականգ, տասներորդ օրը` տասական, որից հետո նվազեցրեք չափաքանակը օրը մեկ «դեղահաբով»։
Զգուշացում։ Չափաբաժինների գերազանցումը կարող է առաջացնել ստամոքսի սուր խանգարում, արտաքին օգտագործման դեպքում` այրվածք։ Պղպեղ սևը և դրանից ստացված պատրաստուկները հակացուցված են ստամոքսի և 12-մատնյա աղիի, լյարդի հիվանդությունների դեպքում։ Պետք է զգուշանան ալերգիկ հիվանդները (սուր շրջանում)։
«168 ԺԱՄ»
Հ.Գ. Արդեն վաճառքում է Ջուլիետա Սահակյանի հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը, որը վաճառվում է «Նոյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից։