Ռուբեն Թովմասյանը չի հավատում օֆշորային սկանդալի վերաբերյալ անաչառ հետաքննությանը
Հայկական մամուլը և քաղաքական դաշտն արդեն շուրջ մեկ ամիս քննարկում է հայտնի օֆշորային սկանդալը, որի սկիզբը դարձավ մայիսի 29-ին «Հետք» լրատվականի հրապարակած հոդվածը` «Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը» վերնագրով: Ըստ այդ ուսումնասիրության` Կիպրոսում գրանցված «WLISPERA HOLDINGS LIMITED» օֆշորային ընկերության բաժնետերերն են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և «ադամանդագործ» Աշոտ Սուքիասյանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Hetq.am-ի հոդվածի կապակցությամբ արդեն դիմել է դատախազություն, իսկ Աշոտ Սուքիասյանը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզություն, հունիսի 18-ին Հետքին և ՀՀ դատախազությանը գրեց մի նամակ, որում նշվում է, թե ինքն է տվյալ օֆշորային ընկերությունում բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց վերջիններիս գիտության:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում 168.am-ը հետաքրքրվեց Հայաստանի Կոմունիստական կուսակցության առաջնորդ Ռուբեն Թովմասյանից, թե ի՞նչ կարծիք ունի այս խնդրի վերաբերյալ, արդյոք այս հարցը դիտարկում է ավելի շատ բարոյակա՞ն, թե՞ իրավական հարթությունում, և արդյո՞ք նման դեպքերում վարչապետը պետք է հրաժարական տա:
Ի պատասխան Կոմկուսի ղեկավարը նշեց, որ ծանոթ է խնդրին, բայց միաժամանակ ավելացրեց որ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը միշտ խոսում է միայն այն մասին, ինչն արդեն հաստատված փաստ է:
Սակայն այս համատեքստում Ռուբեն Թովմասյանն առանձնացրեց մեկ այլ կարևոր հարց, որը նույնպես առնչվում է օֆշորային պատմության հետ: Կոմկուսի ղեկավարը խոսեց այսօր Հայաստանում մամուլի և խոսքի ազատության խնդրի մասին` նշելով, որ խոսքի և մամուլի ազատությունն այն չէ, որ լրատվամիջոցն ինչ ուզենա, այն էլ գրի, այլ նրա մեջ է, որ տվյալ հրապարակումն ունենա իր հետևանքը և պատասխանը:
«Սովետական տարիներին մի հայտնի անեկդոտ կար, ասում էին` «մինիստրին էլ, ճանճին էլ կարելի է թերթով սպանել, ինչո՞ւ, որովհետև եթե մի հոդված գրեիր մինիստրի մասին, և եթե մինիստր էր, ապա անպայման այդ հոդվածը կքննարկվեր Կենտկոմի բյուրոյում, եթե ռայկոմի նոմենկլատուրա էր, ապա Քաղկոմի բյուրոյում, և թերթին պետք է պատասխանեին` առաջին դեմքի ստորագրությամբ,- ասաց Ռ. Թովմասյանը,- Հիմա ինչ ասեք` գրում են, դրա մեջ բացարձակ ճշմարտություն կա, բայց ոչ մի պատասխան չի ստանում մամուլը»:
Կոմկուսի ղեկավարը շեշտեց, որ բոլոր այն տեղեկությունները, որոնք շրջանառվում են մամուլում` այս հարցի կապակցությամբ, պետք է «մինչև վերջ» քննության ենթարկվեն համապատասխան մարմինների կողմից:
Իսկ մեր հարցին` արդյոք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում հնարավոր է անաչառ քննություն նման հարցերի վերաբերյալ, կամ արդյոք հիշո՞ւմ եք ընդհանրապես նման դեպք, Ռուբեն Թովմասյանը պատասխանեց. «Չեմ հիշում, չի եղել… չի լինի»: