Կառավարության աշխատակցի հորդորը` «Արմավիայի» աշխատակիցներին. «Երբ նոյեմբերին աշխատավարձ չստացաք, դեկտեմբերին գործի չգնայիք» (տեսանյութ)

«Արմավիա» ավիաընկերության աշխատակիցներն այսօր կրկին հավաքվել էին կառավարության շենքի մոտ: Վերջիններս կրկին բողոքում էին, որ ավիաընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը: Կառավարությունից ավիաընկերության աշխատակիցներին հանդիպելու իջավ Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության աշխատակից Հայկ Սիմոնյանը: Նա «Արմավիայի» աշխատակիցներին փոխանցեց, թե իրենց հարցով զբաղվում է Աշխատանքի տեսչությունը, ինչպես նաև կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը:

«Իրենք պարտավորվածություն են ձեռք բերել, որ մոտակա օրերի կվճարվի»,- ասաց նա:

«Արմավիայի» աշխատակիցները կառավարության պաշտոնյայից խնդրում էին նշել աշխատավարձերի ստացման կոնկրետ ժամկետներ, բայց Հայկ Սիմոնյանն ասաց, թե  կառավարությունը ժամկետ նշել չի կարող՝ միաժամանակ նշելով, թե ընկերությունն ասել է, որ  աշխատավարձերը կվճարվեն մոտակա օրերին:

«Արմավիայի» աշխատակիցներն էլ հայտարարեցին, որ ամեն անգամ իրենց ասում են՝ «մոտակա օրերին», սակայն աշխատավարձն այդպես էլ չեն վճարում:

Կարդացեք նաև

Ավիաընկերության աշխատակիցները դժգոհում էին, որ այլևս չեն կարողանում հարկեր վճարել և ցանկանում էին հանդիպել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի կամ այլ պաշտոնյայի հետ՝ խնդրանով, որ իրենց «գազն ու լույսը չանջատեն, բանկերը չգան, մեր տնից մեր եղածը տանեն»:

«Ուզում ենք իմանանք՝ ո՞նց անենք, որ մեր երեխեն հաց ուտի,- նշեցին աշխատակիցները,- Հիմա իմ երեխուն ի՞նչ տանեմ, որ ուտի, կառավարությունը պարտքով փող կտա՞»,- Հայկ Սիմոնյանից հետաքրքրվում էին «Արմավիայի» աշխատակիցները:

Սիմոնյանն էլ հակադարձեց, թե՝ «Ժողովո՛ւրդ, կառավարությո՞ւնն է ձեզ փող պարտք»:

Ապա աշխատակիցներին հորդորեց դիմել դատարան: Երբ աշխատակիցները կրկին հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս ապրեն, Հայկ Սիմոնյանն այսպես արձագանքեց. «Երբ որ նոյեմբերին աշխատավարձ չստացաք, դեկտեմբերին գործի չգնայիք: 6 ամիս աշխատել եք, հիմա եկել եք, ասում եք՝ մեր 6 ամսվա աշխատավարձը, կառավարություն, տվե՛ք»: «Արմավիայի» աշխատակիցներն էլ հակադարձեցին, որ իրենք, ի տարբերություն իրենց տնօրենների, խիղճ ունեին և մտածում էին իրենց ուղևորների մասին:

«Արմավիայի» աշխատակից Քրիստինե Մկրտչյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ ընկերությունն իրեն պարտք է մոտ 4 մլն դրամ: Նա նշեց, որ կառավարությունն, ինչպես իրենք են տեսնում, չի ցանկանում բացարձակ ոչ մի բան ձեռնարկել. «Իրենք պարզապես ցանկություն չունեն: Որ իրենք ասում են՝ լծակներ չունեն, որ իրենք չեն կարողանում Բաղդասարովի դեմ, դա սուտ է, բացարձակ սուտ է: Ուղղակի չեն ուզում: Բնականաբար, իրենց միջի հարաբերությունը, ես չգիտեմ՝ ինչն է ստիպում, որ իրենք ամեն ինչը փակում են, այսինքն՝ նույն կառավարությունը չի ուզում ոչ մի բան արած լինի, և մենք պետք է բնականաբար ստիպենք, որ ինքն ինչ-որ բան անի»:

Քրիստինե Մկրտչյանը նշեց, որ իրենք շարժվելու են դեպի նախագահական նստավայր, և հնարավոր է՝ նստացույց հայտարարեն:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս