
Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Օբամայի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ երեկոյան հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ նրանք քննարկել են մի շարք հարցեր, ինչը գլխավորապես վերաբերում է Սիրիային հարցին:
Հեռախոսազրույցի ժամանակ նրանք ընդգծել են, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք է կիրառել իր ժողովրդի դեմ՝ հավելելով, որ Թուրքիան և ԱՄՆ-ը պետք է համատեղ ջանքեր գործադրեն Սիրիայի հարցի քաղաքական կարգավորման և սիրիական ընդդիմությանն աջակցելու ուղղությամբ:
Էրդողանն ու Օբաման քննարկել են նաև Սիրիայի վերաբերյալ Ժնևում կայանալիք միջազգային կոնֆերանսի նախապատրաստման հարցը: Էրդողանն Օբամային իրազեկել է «Գեզի» այգու հետ կապված Թուրքիայում անցկացվող բողոքի ակցիաների մասին: Օբաման կարևորել է խոսքի ազատության և ազատ հանրահավաքների պահպանումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ իսրայելական հետախուզությանը մոտ կանգնած Debka կայքը հայտնել էր, թե Էրդողանը զանգահարել է Բեռլինում գտնվող ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և հայտնել, որ չի կարող թույլ տալ Թուրքիայի տարածքով ամերիկյան զենքի մատակարարումներ Սիրիայի հյուսիսում մարտեր մղող ապստամբներին: Էրդողանն իր այդ քայլը պատճառաբանել էր Ռուսաստանի պատասխան քայլերի հետ կապված մտավախությամբ: