Ինչու էին արմավիրցիները փակել ճանապարհը, և ով է նպաստել ծիրանի գնի իջեցմանը (տեսանյութ)

Այսօր վաղ առավոտից Արմավիրի մարզի Խանջյան, Նաիրի, Հացիկ և Արաքս գյուղի բնակիչները Խանջյան գյուղի մոտ փակել էին Արմավիր քաղաքից դեպի Թալին տանող ճանապարհը` պահանջելով հանդիպում ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ: Գյուղացիների բողոքի պատճառն այս անգամ ծիրանի մթերման հետ կապված խնդիրներն էին: Ինչպես պարզվեց, նշված և շրջակա մի քանի գյուղերն այս տարի արձանագրել են ծիրանի բերքի մեծ ծավալներ, սակայն գյուղացիները խնդիրներ ունեն դրա իրացման հետ:

Պարզվեց, որ ընդամենը մի քանի օր առաջ ծիրան մթերող խոշոր ընկերությունները, որոնք բերքն արտահանում են Հայաստանի սահմաններից դուրս, իջեցրել են մրգի գինը` 400-450 դրամից մինչև 150-200 դրամ, սակայն գլխավոր խնդիրն այն է, որ նույնիսկ այդ պայմաններում մեծածախ գնորդները գյուղացիներից ծիրանը գնում են խիստ սահմանափակ քանակով: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  ամառվա տապի պայմաններում տվյալ միրգը հասունանում է չափից ավելի արագ տեմպերով, դա կարող է բերել բերքի փչանալուն, որի պատճառով բերքի վրա մեծ ներդրումներ կատարած գյուղացին կկորցնի իր բերքը: Հենց սա էր դժգոհության պատճառը, որի համար էլ արմավիրցիները պահանջում էին խնդրի լուծում` այն ակնկալելով համապատասխան պետական կառույցի ղեկավարությունից: Սակայն գյուղնախարար Սերգո Կարապետյանն այդպես էլ չեկավ:

Փոխարենը՝  ավտոճանապարհին գյուղացիներին դիմավորել էին միգուցե և նրանց քանակը գերազանցող ոստիկանները, իսկ միջադեպի վայր էր եկել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով, ըստ արմավիրցիներից ստացած տպավորության, առանձնակի մտահոգված էլ չի եղել գյուղացիների ճակատագրով: Մարզպետը չէր առաջարկել որևէ կառուցողական և ռացիոնալ լուծում, փոխարենը՝ հայկական ծիրանն արտադրողներին «հայկական ձևերով» խորհուրդ տալով, որ «ամեն մեկն իր գլխի ճարը տեսնի»:

«Դրուժբեքը առեք, ձեր ծառերը կտրեք, որ ճանապարհներն էլ չփակեք, գաք ստեղ կանգնեք»,- ըստ դեպքի վայրում ներկա գտնված արմավիրցիներից մեկի` այսպես էր փայլատակել մարզպետի միտքը:

Կարդացեք նաև

Նշենք, որ, ի վերջո, բողոքի դուրս եկած արմավիրցիները բացեցին ճանապարհը, իսկ ավելի ուշ Գյուղնախարարությունից մեզ տեղեկացրին, որ խնդրի շուրջ այսօր խորհրդակցություն է տեղի ունեցել Արմավիրի մարզպետարանում, որին մասնակցել է գյուղնախարարի տեղակալ Ռ. Մակարյանը:

«Մարզպետարանում խորհրդակցություն հրավիրվեց գյուղապետերի և արտահանողների մասնակցությամբ: Գյուղացիների բողոքը հիմնականում գնի հետ էր կապված. համեմատում են Արարատում մթերումների հետ: Արտահանողները գնի նվազ լինելը պատճառաբանում են որակով, երկրորդը, երբ շուկայում ծիրանի ծավալներն ավելանում են, գինը պետք է նվազի: Հիմա խորհրդակցության արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ վաղն արտահանողների ներկայացուցիչներն արդեն կայցելեն գյուղեր և կպայմանավորվեն` կներկայացնեն` իրենք ինչ որակի ծիրան են ուզում, գինն էլ գյուղացիների հետ կպայմանավորվեն»,- մեզ հետ զրույցում ասաց Գյուղատնտեսության փոխնախարարը:

Մենք նկատեցինք, որ ծիրան վաճառող արմավիրցիները դժգոհում էին ոչ միայն բերքի գնի, այլ գնման փոքր ծավալների վերաբերյալ, ինչին ի պատասխան՝ Ռ. Մակարյանը նշեց, որ այսօր այցելել է «Նոյան» բնական հյութերի գործարան, որը, ըստ փոխնախարարի, մթերում է նախորդ ամսին նույն մարզում կարկուտից վնասված ցածր որակի ծիրանը:

Ավելացնենք, որ վերոնշյալ գյուղերում ծիրանի որակն անհամեմատ բարձր էր, թեև, ինչպես նշում էին մեզ հանդիպած բոլոր գյուղացիները, արտահանող ընկերությունների ներկայացուցիչները չափազանց բծախնդրորեն են մոտենում բերքի ընտրությանը` ընտրելով ամենալավ տեսք ունեցողները:

Իսկ թե ովքեր են մթերքն արտահանող ընկերությունները, այս մասին գյուղացիներն ասացին, որ դրանք մի քանիսն են, հիմնականում նշվեց «Սպայկա» բեռնափոխադրող ընկերության անունը:  Մեզ հետ զրույցում Հացիկ գյուղի բնակիչ Գրիգորն ասաց, որ բերքը հիմնականում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, մասնավորապես՝ Մոսկվա քաղաք, որտեղից, ըստ նրա, եկել է հրահանգ` ծիրանը մթերել ավելի էժան գնով:

«Մարդ կա՝ 20-30 տոննա ծիրան ունի, հլը մի հատ չի քաղել, սաղ ծառերի տակն ա լցվել: Առնողն էլ գալիս-ասում ա` ինձ ծիրան տվեք, չեչոտ չըլնի, էս ըլնի, էն ըլնի: Ասենք` ծառի վրա կա 300 կգ ծիրան, 50 կգ հավաքում ես, ասում ա` էն 150 կգ-ին էլ տեր չեմ: Էդ 150-ն էլ արդեն պիտի տանես 30 դրամով գործարանին տաս»,- մեզ հետ զրույցում այսպես խնդիրը ներկայացրեց մեկ այլ արմավիրցի` Խանջյան գյուղից:

Մանրամասները` 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս