Աշոտ Աղաբաբյան. Վստահում եք ինձ, վստահեք, չեք վստահում, տղե՛ք ջան, ես ամսի 1-ից դռները փակելու եմ (տեսանյութ)

Երևանի «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա էին կազմակերպել տոնավաճառում: Նրանք բողոքում էին հսկիչ դրամարկղերի դեմ, որը հուլիսի 1-ից պարտադիր պետք է կիրառվի նաև տոնավաճառում: Նրանց խոսքով՝ տոնավաճառում յուրաքանչյուր շաբաթվա վերջում՝ շաբաթ և կիրակի օրերին, ապրանք վաճառելու համար իրենք մուծում են մի շարք գումարներ, իսկ այժմ դրանց գումարվում է նաև իրենց եկամուտի 3,5 տոկոսի գանձումը:

Աշխատակիցները չցանկացան ներկայանալ, սակայն խոսեցին իրենց մտահոգությունների մասին: «Մեր բողոքը կայանում է նրանում, որ մեզ ասում են՝ ամսի 1-ից պետք է ՀԴՄ դրվի այս տոնավաճառում: Այս տոնավաճառում այդ պայմանները չկան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց աշխատակիցներից մեկը:

«Մենք 188.000 դրամ դատարկ ասֆալտին փող ենք վճարում, 2500 դրամ վճարում ենք ախրանայի համար, 60.000 դրամ՝ պահեստի համար, «կաշկեն» 1500 դրամ է»,- շարունակեց նա՝ նշելով, որ ստացվում է, որ մեկ ամսվա ընթացքում 8 օր աշխատելու համար իրենք վճարում են մոտ 300.000 դրամ: Աշխատողներն առաջարկում են ՀԴՄ տեղադրելու փոխարեն՝ սահմանել հաստատագրված վճար:

«Թող էդ օրենք հրատարակողների կնիկները մեր կնանիքի նման սաղ օրը վեշերը վերցնեն իրանց ուսերին, գիշերով գան, կանգնեն, նոր կիմանան»,- զայրացած ասաց «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներից մեկը: Աշխատողներից մի քանիսը 168.am-ի հետ զրույցում ասացին, որ տոնավաճառում աշխատողների 80 տոկոսը բանկերից վերցված վարկեր ունեն, բազմաթիվ պարտքեր և ստիպված գալիս են աշխատանքի՝ այն հույսով, որ մի բան վաճառեն:

«Մեզ ձեռք չի տալիս չաշխատելը, մենք ուզում ենք աշխատենք, բայց մեզ զոռով սարքում են էմիգրանտ. ոչ թե մենակ մեր ստեղի ղեկավարությունը, այլ պետության ղեկավարությունը»,- բողոքեց վաճառողներից մեկը:

«Ես Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջազգային բաժնի ուսանող եմ, եկել եմ, այստեղ վեշ եմ կրում, համատեղ էլ սովորում եմ, բայց ի՞նչ պայմաններ են ստեղծում, ես իմ վարձն ինչպե՞ս եմ տալու: Եթե ես այսօր չկարողացա աշխատեմ, վաղն ինձնից վարձ են ուզելու, ես ո՞նց եմ տալու: Հետևաբար՝ չեմ կարող ուսում ստանամ, այսինքն՝ ամեն ինչի դեմն իրանք առնում են»,- ասաց բողոքի ակցիայի երիտասարդ մասնակիցը: Նա ասաց, որ հուլիսի 5-ին, ժամը 16:00-ից հավաքվելու են տոնավաճառի տարածքում և նորից բարձրացնելու են իրենց բողոքը:

Ինչպես հայտնի է, մարզադաշտն իր հարակից հողամասերով վարձակալության է տրված «Հրազդան մարզահամալիր վարձակալական ձեռնարկություն» ՓԲԸ-ին, որի սեփականատերը ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն է: Վերջինս այսօր բողոքի ակցիայից որոշ ժամանակ անց հանդիպեց բողոքող աշխատակիցներին: Հանդիպման ընթացքում նա հայտարարեց, թե հարկավոր է տոնավաճառի գործունեությունը բերել օրինական դաշտ: Նա նշեց, որ իրենք կփորձեն աշխատողների ՀԴՄ-ները ձեռք բերել անվճար:

Երբ աշխատակիցները նշեցին, որ առաջարկում են ՀԴՄ-ների փոխարեն հաստատագրված վճար սահմանել, Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ նրանց բոլոր առաջարկները կհասցնի համապատասխան կառույցներին, սակայն նշեց, որ առայժմ միակ տարբերակը պայմանագրեր կնքելն է. «Մենք աշխատելու ենք ձեր և հարկայինի փոխհարաբերությունները կարգավորել: Վստահում եք ինձ, վստահեք, չեք վստահում, տղե՛ք ջան, ես ամսի 1-ից դռները փակելու եմ, եթե դուք չհանձնեք, ձեր պայմանագրերի մեջ նշված չլինի ձեր ՀԴՄ-ի պայմանագիրը: Որովհետև երբ դուք գաք, մտնեք առանց ՀԴՄ-ի, կազմակերպչին կտուգանեն 7-ապատիկը»:

Աշոտ Աղաբաբյանի հանդիպումը աշխատակիցների հետ՝ 168.am-ի տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս