
ՊԵԿ-ը գյուղնախարարին պատկանող պահածոների գործարանին դատի է տվել

Հայաստանի կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Իջեւանի տարածքային հարկային տեսչությունը հօգուտ պետական բյուջեի 4 միլիոն 53 հազար 422 դրամ բռնագանձելու պահանջով դատի է տվել «Այրումի պահածոների գործարան» ԲԲԸ-ին: Այս մասին տեղեկացնում է «Դատալեքս» տեղեկատվական կայքը: Հայցի ապահովման համար ընկերության գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք դնելու հայցվորի ներկայացրած միջնորդությունը ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի կողմից բավարարվելէ մասնակի: Այս գործով դատական առաջին նիստը ՀՀ վարչական դատարանի Սեւանի նստավայրում նշանակված է հունիսի 28-ին: Նշենք, որ 2008թվականից Այրումի պահածոների գործարանի հիմնական բաժնետերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն է : Նրա «օրոք» այնտեղ գործարկվեց մրգախյուսի արտադրամասը: Այրում պահածոների գործարանի արտադրանքը թողարկվում է «Արտֆուդի» ապրանքանիշով: Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ վերջերս Այրումի պահածոների գործարանից հանվել եւ Արտաշատ է տեղափոխվել մի քանի տարի առաջ գործարկված մրգախյուսի հոսքագիծը: Այրումի պահածոների գործարանում խյուսի արտադրամասի գործարկման ժամանակ Սերգո Կարապետյանը ներկա գտնվող Սերժ Սարգսյանին վստահեցնում էր, որ գործարանը ընդունելու, վերամշակելու է Դեբեդի հովտի այգեգործների աճեցրած դեղձը: 2012թվականի ապրիլի 21-ին Սերժ Սարգսյանի Այրում քաղաք կատարած նախընտրական այցի ժամանակ այրումցիները հանրապետության նախագահին խնդրում էին միջոցներ ձեռնարկել, որպեսզի պահածոների գործարանը կարողանա բնականոն աշխատել,այրումցիներն էլ աշխատատեղ ունենան: Առաջիկայում հասունանալու է Դեբեդի հովտի այգիների հազարավոր տոննա դեղձը: Նշենք, որ այդ այգիների մեծ մասը տնկվել են «ԻՖԱԴ» կազմակերպության՝ «Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի» ծրագրով: Նոյեմբերյանի պտղաբույծներն ինչպե՞ս են իրացնելու իրենց բերքը, եթե Այրումի պահածոների գործարանի դրամական միջոցների վրա արգելանք է դրված, մրգախյուսի պատրաստման սարքավորումներն էլ հանվել-տեղափոխվել են: Այս հարցերը պետք է առաջին հերթին մտահոգեն գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին եւ գյուղատնտեսության ոլորտում ունեցած հաջողությունների կապակցությամբ 2012թ. Սերգո Կարապետյանի կողմից ոսկե մեդալի արժանացած Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: