Հող է նախապատրաստվում կառավարությունը փոխելու համար

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի փոխանորդ, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանի անունների շուրջ ստեղծված «օֆշորային սկանդալը», դրա մեկ այլ մասնակցի` գործարար Աշոտ Սուքիասյանի հայտնի նամակից հետո, ըստ շրջանառվող տեսակետների, փորձում են քնեցնել:

Չնայած իշխանությունների այդ մտադրությանը, ընդդիմադիր ուժերը վստահ են, որ դա հնարավոր չէ: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեզ հետ զրույցում ասաց, թե ոչինչ կոծկել հնարավոր չէ, և ամեն ինչ մի օր բացվելու է: «Եթե իրենք պարզ բացատրություն ունենային` կտային: Այլապես չէին զբաղվի հիմարություններով, կասեին ճշմարտությունը ու PR քայլերով չէին տարվի` Դատախազություն դիմել, Աշոտ Սուքիասյանի նամակը կազմակերպել, և այլն: Չեն անում, որովհետև թաքցնելու բան ունեն. բայց սա մի սկանդալ է, որը չի մոռացվի: Մինչև չստանանք բոլոր հարցերի պատասխանները` ո՞վ կհանգստանա` մե՞նք, թե՞ ժողովուրդը: Ընդդիմությունը մինչև վերջ գնալու է և բացելու է այս գործը»,- նշեց Լևոն Զուրաբյանը:

Մեր դիտարկմանը, թե իշխանությունն այդպես չի կարծում` համենայնդեպս, վարչապետն ԱԺ ամբիոնից կոչ արեց չզբաղվել «հիմարություններով` թողած երկիրը փրկելու խնդիրը», Լևոն Զուրաբյանն արձագանքեց. «Վարչապետը կարող է իր կողմից կատարած հանցագործությունը` սեփական ժողովրդի առաջ` որակել որպես հիմարություն, բայց իրեն թվում է, թե դրանով պրծնելո՞ւ է. սխալվում է: Ես կարծում եմ, որ հասարակության մեծ մասը սա հիմարություն չի համարում, և համոզված եմ, որ վարչապետին առաջիկայում ոչ այնքան հաճելի անակնկալներ են սպասվում»:
«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ նշեց, թե չի հասկանում «օֆշորային պատմության» թեման շոշափելու իմաստն ու նպատակը. «Ո՞վ չգիտի, որ մեր պաշտոնյաները, ովքեր թալանում են բյուջեի կեսը, այդ գումարները պետք է դրսերում պահեն: Բա հո այստեղի բակային հաշիվներում չէի՞ն պահելու: Սա նորություն չէ»:

Ըստ նրա` ձևավորվում է մի ֆոն, որի հիման վրա կառավարության կազմի փոփոխություն պետք է լինի` հաշվի առնելով նաև Վերահսկիչ պալատի 2012թ. տարեկան հաշվետվության մեջ ընդգրկված բացահայտումները. «Տա Աստված, որ դա կոսմետիկ չլինի, աշխատող կառավարություն լինի: Հիմա բոլոր ոլորտներում խայտառակ վիճակ է: ՎՊ-ն էլ մի շտրիխ կլինի` կառավարության փոփոխության հարցում: Իսկ եթե այս ամենի հետևում գործադիր մարմնի փոփոխություն չի սպասվում, ուրեմն իմիտացիա է` մարդկանց ուզում են շեղել որոշ խնդիրներից: Կամ էլ սրանով ավելի մեծ հիասթափության են բերում մարդկանց` հրապարակելով այն ամենը, ինչի մասին մարդիկ առանց այդ էլ գիտեին: Ասենք` հասան իրենց ուզածին, մարդիկ ավելի շատ արտագաղթեցին, ի՞նչ են անելուգ ո՞ւմ համար են բերելու իրենց մենաշնորհներով ապրանքները»:

Կարդացեք նաև

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանն էլ հավաստիացրեց, որ իշխանությունները ոչ մի քայլ չեն արել` կոծկելու օֆշորային պատմությունը: Եվ, առհասարակ, ըստ նրա, օֆշորային սկանդալը «հնարովի» է. «Մարդիկ առանց ապացույց ունենալու` ինչ ասես ասում են: Ես ընդհանրապես չեմ պատկերացնում` էս հարցը ոնց պետք ա ապացուցվի: Ամեն մեկը մի բան ա ասում: Ես մասնագետ չեմ, որ ճշգրիտ գնահատական տամ` մեկն ասում ա` կա, մյուսն ասում ա` չկա: Որոշողը ես չեմ` ինչպես էս ամենը պետք է լուծվի: Համենայնդեպս, վարչապետը ժխտում ա, որ նման բան կա, թերթերն էլ իրանց համար գրում են: Այ, օրինակ, էն, ինչ իմ մասին գրում են` զրպարտություն ա, քան իրականություն:

Ես հավատում եմ կոնկրետ փաստերին, իսկ էս դեպքում կոնկրետ փաստ չկա»: Մեր դիտարկմանը, թե հրապարակվել է փաստաթուղթ, ըստ որի` Տիգրան Սարգսյանը բաժնետերերի թվում է, Համլետ Հարությունյանն արձագանքեց. «Ես չեմ ուզում որևէ մեկին պաշտպանեմ, բայց վարչապետը դիմել է Դատախազություն, և պատասխանը կտա Դատախազությունը: Էն մարդուն մեղադրել են, ինքն էլ դիմել ա, բայց դեռ պատասխան չկա:

Ես անմեղության կանխավարկածով եմ շարժվում` չեմ կարող որևէ մեկին մեղադրել»: Հարցին, թե ինչո՞ւ հենց վարչապետի անունով բացեցին, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ի՞նչ ասեմ, կասեք` Համլետ Հարությունյանը վարչապետին փորձում էր պաշտպանել: Դրա համար ես շարժվում եմ անմեղության կանխավարկածով` քանի դեռ չի հաստատվել, ես հակված եմ մտածել, որ վարչապետն է ճիշտ»: Նրա խոսքով` իր մտքով երբեք չի անցել, որ վարչապետը կարող է անօրինական քայլերի դիմել, ուստի ինքը կարծում է, որ մեղավորներն ու զրպարտողները կպատժվեն: Իսկ մեր այն հարցին, թե`չե՞ք կարծում, որ համարձակություն է պետք երկրի երրորդ դեմքի անունով օֆշորային գոտում ձեռնարկություն գրանցելու համար, պատգամավորն արձագանքեց, թե Աշոտ Սուքիասյանն ընդունակ է ամեն ինչի: Թեպետ Համլետ Հարությունյանը, «բարեբախտաբար» նրան չի ճանաչում, բայց վստահ է, որ նման մարդն ընդունակ է ամեն ինչի` անգամ վարչապետի անունով օֆշորային գոտում ընկերություն գրանցելու:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս