Որոշ բուհերի ռեկտորներ բարձրացրել են ուսման վարձերը՝ արհամարհելով նախապես հաստատված բյուջեները
«Որոշ բուհերի ռեկտորներ արհամարհելով իրենց կառավարման խորհրդով հաստատված 2013 թ. բյուջեն, բարձրացրեցին ուսման վճարները»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Բարև, Երևան» ավագանու խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Ապա ավելացրել է. «Տարբեր բուհեր ուսման վարձերը թանկացրեցին՝ հակառակ այն բանի, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները 2013թ. հունվարին լսել են ռեկտորների ֆինանսական հաշվետվություններն ու հաստատել 2013 թվականի բյուջեն, որտեղ իհարկե չեն նախատեսվել այդ թանկացումները: Անձամբ հունվարին ներկա եմ եղել Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի խորհրդի նիստին, որտեղ հաստատել ենք 2013թ. բյուջեն, և որտեղ ուսման վարձը իրականում չի բարձրացվել: Նախագահական ընտրությանը նախորդող քարոզարշավի ընթացքում ս.թ. հունվարին Հ1-ով լուսաբանվեց ԵՊՀ խորհրդի նիստը, որը նախագահում էր ԵՊՀ կառավարման խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը, որի ժամանակ հաստատվել է 2013թ. բյուջեն, որտեղ ոչ մի խոսք չի եղել ուսման վճարների բարձրացման մասին, իսկ ընտրությունից հետո ԵՊՀ-ում ուսման վարձերը սեպտեմբերից բարձրանալու են: Ուրեմն հարց է ծագում, ո՞ւմ են պետք ռեկտորների այդ շինծու հաշվետվություններն ու հաջորդ տարվա բյուջեի կեղծ հաստատումները, եթե դրանք նախագահական կեղծված ընտրություններից հետո շատ հեշտությամբ դրվեցին մի կողմ, և որոշ բուհեր բարձրացրեցին ուսման վարձերը: Հիշեցնեմ, որ բոլոր բուհերի կառավարման խորհուրդները ղեկավարում են իշխանության ամենաբարձր մակարդակներում նստած Հանրապետական պաշտոնյաները՝ ՀՀ գործող Նախագահ, ՀՀ գործող վարչապետ, ՀՀ ԱԺ նախագահ և այլք, որոնցից ոչ մեկն այսօր հարց չի բարձրացնում իր բուհի ռեկտորի առաջ, թե՝ մենք բյուջեն հաստատել ենք, էս ի՞նչ եք անում: Ստացվում է, որ այս պաշտոնյաներին ռեկտորները պարզապես արհամարհում են: Ասածս չի վերաբերում ՀՊՄՀ-ի խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին, որովհետև, ինչպես վերևում ասացի, մանկավարժականը վարձերը չի բարձրացրել, սակայն որպես ՀՀ վարչապետ՝ պարոն Սարգսյանն այս հարցը պարտավոր էր բարձրացնել երկու պատճառով.
1. Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայացրած իր կառավարության ծրագրով պարտավորվել էր բուհերում սահմանել ուսման վարձի վերին շեմ: Կառավարության այս ծրագիրը հաստատվեց ԱԺ-ում, սակայն ոչ մեկը չհարցրեց, թե ի՞նչ է նշանակում ուսման վարձի վերին շեմ սահմանելը, և ո՛չ ՀՀ վարչապետը պարզաբանեց, ո՛չ ռեկտորները խորացան այս հարցի մեջ:
2. Ելնելով ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագիր ՀՀ օրենքից այն մասին, որ բարձրագույն կրթությունը մատչելի չէ սոցիալապես խոցելի որոշ խմբերի համար, «Կրթության որակ և համապատասխանություն» վարկային երկրորդ ծրագրով նախատեսվել էր ուսանողներին տրամադրել հատուկ վարկեր և այդ նպատակով 34,009.8 հազ. դրամի չափով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (վարկերի տրամադրման մեխանիզմի ձևավորում), սակայն, ինչպես գրված է ՎՊ-ի 2012թ. հաշվետվության մեջ, հետագայում վարկերի տրամադրման գործընթացը դադարեցվել է: Այդպես էլ ՀՀ վարչապետն ու ԿԳ Ծիգը չպարզաբանեցին, թե ինչու դադարեցվեց այս գործընթացն ու ո՞ւր կորավ 34 մլն դրամը: Եվ ընդհանրապես, ի վերջո, այս վարկային ծրագիրն աշխատելո՞ւ է Հայաստանի Հանրապետությունում, թե՞ ոչ»: