
Բրազիլիայի նախագահը հայտարարել է բարեփոխումների մասին

BBC-ի փոխանցմամբ` Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆը դիմել է ժողովրդին` հայտարարելով մի շարք բարեփոխումների մասին, որոնք պետք է վերջ դնեն բողոքի զանգվածային ակցիաներին: Վերջիններս սկսվել են մեկ շաբաթ առաջ և ընդգրկել են ողջ երկիրը:
Կառավարության արտակարգ խորհրդաժողովից հետո հեռուստատեսությամբ ցուցադրվել է ժողովրդին ուղղված նախագահի կոչը, որում նա խոստացել է բարելավել հասարակական տրանսպորտի, առողջապահության ու կրթական ոլորտները:
Նախագահը մասնավորապես աջակցել է նավթի արդյունահանումից ստացվող եկամուտները կրթական ոլորտում ներդնելու պլանին: Նախագահը պաշտպանել է 2014 թվականին ֆուտբոլի Աշխարհի առաջնության և 2016 թվականի Օլիմպիական խաղերի անցկացման նախապատրաստությունը` ընդգծելով, որ դա ֆինանսավորվում է ոչ պետական միջոցների հաշվին:
Նախագահն ընդգծել է, որ իշխանությունները պարտավոր են լսել ժողովրդին և առաջարկել է հանդիպում բողոքի ակցիաների առաջնորդների հետ: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ խոսքը գնում է խաղաղ ակցիաների մասին, և որ ոստիկանությունը թույլ չի տա բռնությունների գործադրում: