Սա կառավարությո՞ւն է, թե՞ դուքյան

«Հանուն կայուն մարդկային զարգացման» հ/կ նախագահ, ՀՀ նախկին բնապահպանության նախարար Կարինե Դանիելյանը դեմ է Հանրապետության հրապարակի վերակառուցմանը: Այս մասին նա ասաց այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում: Ըստ Կարինե Դանիելյանի՝ հանրությունը դա ընկալում է՝ որպես բարոյական հարված. «Երևանցիները, և ոչ միայն նրանք, դա ընկալում են՝ որպես հարված պետականությանը, որովհետև մենք այդ հրապարակը ընկալում ենք՝ նաև որպես պետականության սիմվոլ»:

«Ժամանակին շատ կարճ պեղումներ եղել են, և 18-րդ դարի շերտ կա, Հին Երևանի շերտ կա, և այստեղ միգուցե կարելի է թանգարանի նման մի բան կառուցել, և հենց տուրիզմին դա կարող է նպաստել: Պետք է ոսւսումնասիրել գեոլոգիական վիճակը: Հենց այնպես հարց դնել կայանատեղիի մասին չի կարելի»,- ասաց Կարինե Դանիելյանը:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն էլ նշեց, որ հրապարակը վերակառուցելու 2 նպատակ կա. «Առաջինը՝ իրենց անունը գրվի Թամանյանի կողքը, և երկրորդը՝ փողը, շատ մեծ փող: Էլ ի՞նչ եք ուզում, ու փրկում ենք հրապարակը: Հրապարակը փրկելու կարիք չունի, ոչ էլ մեր ազգը փրկելու կարիք ունի»: Արմեն Պողոսյանն իր խոսքի ընթացքում անդրադարձավ նաև հասարակական կազմակերպություններին հատկացված 500 մլն դրամին. «500 մլն դրամից առյուծի բաժինը՝ մոտ 70 տոկոսը, ստացել է վեց կազմակերպություն, որոնց հիմնադիրը նույն մարդն է, և ստացել է նույն օրը, որ օրը որ հիմնադրվել են, և դա հրապարակվել է: Եթե այդ 500 մլն-ի մրցույթի մասին նույնիսկ ես չգիտեմ, նույնիսկ ես, էդ ո՞նց է եղել: Սա կառավարությո՞ւն է, թե՞ դուքյան, ախպոր դուքյան»:

Ճարտարապետ, Երևանի ավագանու անդամ Լևոն Իգիթյանն էլ պնդեց, որ մրցույթին մասնակցել է Ճարտարապետների միությունը: Նա նշեց, որ քաղաքապետարան հազարավոր նամակներ են ուղարկվում՝  կապված Հանրապետության հրապարակը վերակառուցելու հետ: Նա նշեց, որ երբ ի մի կբերվեն մրցույթի արդյունքները, այդ ժամանակ բոլորի հետ կքննարկվի՝ «ի՞նչ անել այս նյութի հետ: Ոչ մի վտանգավոր բան չկա, ոչ մի պանիկայի խնդիր չկա»:

Տեսանյութեր

Լրահոս