
Սոֆիայում հազարավոր մարդիկ բողոքել են կառավարության քաղաքականության դեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում վերստին հավաքվել է ավելի քան 6000 մարդ, որոնք բողոքել են Բուլղարիայի կառավարության դեմ: Ցուցարարները պահանջում են Պլամեն Օրեշարսկու գլխավորած նախարարների կաբինետի անհապաղ հրաժարականը:
Սոֆիայի կենտրոնում գտնվող գլխավոր փողոցներում ամբողջովին շրջափակվել է ավտոտրանսպորտի շարժումը: Նախորդ օրերի նման բողոքի ակցիան անցկացվել է առանց միջադեպերի ու իրավախախտումների:
Պլովդիվ քաղաքում երեկ նույնպես հավաքվել են հազարավոր մարդիկ, որոնք դժգոհ են կառավարության քաղաքականությունից: Վառնայում մի քանի հարյուր մարդ իշխանություններին իր բողոքն է հայտնել քաղաքային վարչակազմի շենքի մոտ:
Բուլղարիայում արդեն մեկ շաբաթ է, ինչ անցկացվում են հակակառավարական հանրահավաքներ: