
ԱՄՆ-ում պաշտոնական մեղադրանք է ներկայացվել էդվարդ Սնոուդենի դեմ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ`ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է ներկայացրել էդվարդ Սնոուդենի դեմ, ով լրագրողներին տեղեկություններ է փոխանցել Ազգային անվտանգության գործակալության գաղտնի ծրագրերի մասին:
Սնոուդենը մեղադրվում է կառավարական ունեցվածքի յուրացման, ազգային անվտանգության հետ կապված տեղեկատվության չարաշահման, ինչպես նաև հետախուզական գաղտնի տվյալները կամավոր կողմնակի անձանց փոխանցելու մեջ:
Նշվում է, որ Սնոուդենի դեմ դատական հայց է ներկայացվել հունիսի 14-ին, Վիրջինիա նահանգի Արևելյան օկրուգի շրջանային դատարանում:
Դեռ 10 օր առաջ, երբ Սնոուդենի դեմ որևէ պաշտոնական մեղադրանք չէր ներկայացվել, Սպիտակ տան կայքում կազմակերպվել էր հանրագիր, որում պահանջվում էր ներել նրան: Երկու օրվա ընթացքում դրա տակ իր ստորագրությունն էր դրել գրեթե 60.000 մարդ (անհրաժեշտ 100.000-ից):