Վանաձորին նվիրված նստարանները քաղաքապետը կտեղադրի իր վաճառած տարածքում
«Էն տարածքները, որոնք որ ժամանակին տրվել էին. որ նպատակային պետք ա օգտագործեն, կամ սպորտային կառույց պետք է ըլներ, կամ պետք է ըլներ ինչ-որ հասարակական կազմակերպություն, որը որ քաղաքին պետք ա օգուտ տար, որը որ էսօր չեն իրագործում, ես գրություն եմ գրել քաղաքապետին, որ էդ բոլոր տարածքները ուսումնասիրվի, որը որ նպատակային չի օգտագործվում, հետ վերցվի:
Նաև ընդեղ տարածք ունենք, որ իրավաբանական ինչ որ կազմակերպության արդեն 10 տարուց ավել ա տվել ենք: Դա ես գտնում եմ, որ կարելի ա հետ վերցնել այլ նպատակներով օգտագործելու համար»,- ավագանու նիստում հայտարարեց «վաստակավոր» ավագանու անդամ Սեյրան Ղամբարյանը:
«Ես ինչ ավագանի եմ, էդ բանը ձեզանից լսում եմ, դե եկեք գործնական քայլեր անենք»,- հակադարձեց ավագանու անդամներից Արտյոմ Գրիգորյանը:
«Օրինակ` «Արցախ» պուրակը. ոչ մի քայլ չի արվում»,- ցավոտ խնդրին անդրադարձավ ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը:
«Դա սեփականաշնորհած է, 3 տարածք ա, 1 տարածք չի: Մենք հրավիրեցինք էստեղ 3 կազմակերպություններին էլ: Մի մասը Վանաձոր համայնքինն է, մի մասը սրճարան է, որը սեփականատեր ունի, մնացածը`«Կինոմոսկվայինը»: «Կինոմոսկվայի տերերն իրենց ներդրումը 2000 դոլարի չափով անում են, մեր քաղաքի երիտասարդ հկ-ներից մեկը էնտեղ միջոցառում է կազմակերպում, եթե չեմ սխալվում, ամսի 25-ին դրամահավաք է կազմակերպում, նաև քաղաքապետարանը այնտեղ գումար կներդնի, և կբարեկարգեն: Ասեմ, որ մինչև օգոստոսի 20-ը 60 էս նոր տիպի նստարաններից ձեռք ենք բերում, որից մի մասն էլ` 10-12 հատ, կտեղադրվի էնտեղ, և կդարձնենք նորմալ հանգստի, ժամանցի վայր»,- պատասխանից, ըստ էության, ինչպես միշտ, խույս տվեց քաղաքապետը:
Դեռևս 2007 թ. հունվարի 16-ին Վանաձոր համայնքը 12 441 000 դրամով «Կինոթատրոն «Մոսկվային» է վաճառել «Արցախ» պուրակի կենտրոնում 2500 քմ հողամասը կինոթատրոնի կառուցման նպատակով: Մինչ օրս գնորդը չի կատարել պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը, նույնիսկ «կինոթատրոնի» հիմքերը գցված չեն: