Խոսրով Հարությունյանը տեղյակ չէ, թե ինչ է ակնարկում Արմեն Մովսիսյանը
168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ռուսական «Գազպրոմի» մասնաբաժինը 100% դարձնելու մասին հայտարարել էր, թե մինչև ապրիլի 1-ն ընդունվել է որոշում` գազի գինը 180 դոլարից 240 դոլար դարձնելու մասին, բայց քանի որ իրենք խորհրդարանում «աղմուկ բարձրացրին», իշխանությունը թանկացման ժամկետները «հետ է գցել», բայց գազի գինը սահմանել է 270 դոլար, ապա` տեսնելով, որ նախագահական ընտրությունների հետ կապված «զգայուն գործընթացներն» ավարտվել են, դրել են նաև 20 տոկոս բաժնեմասի վաճառքի հարցը, որով, ըստ ՀԱԿ պատգամավորի, իշխանությունը մտադիր է, ըստ երևույթին, սուբսիդավորել գազի գինը:
168.am-ը ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանից հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է վաճառված բաժնեմասի գումարով սուբսիդավորել գազի գինը:
Ի պատասխան՝ Խ. Հարությունյանն ասաց, թե «իրենք պարզապես մանրամասներին տեղյակ չեն», ապա ավելացրեց, որ Հայաստանին պատկանող 20 տոկոս բաժնեմասը վաճառելու բանակցությունները կարելի է կատարել հետևյալ դեպքում. «Ես ենթադրում եմ, որ նման բանակցություններ կարելի է վարել այն դեպքում, երբ տևական ժամանակ` առաջին հինգ, վեց, յոթ տարիներին, գազի սակագինը չփոխվի: Այդ դեպքում, հավանաբար, նման բանակցությունները կլինեն արդարացված: Բայց մի պայմանով, որ Էներգետիկայի նախարարությունը Էներգետիկայի դիվերսիֆիկացման ուղղությամբ լուրջ քայլեր կատարի: Միայն այս դեպքում արդարացված կլինի: Ես այսպես եմ ենթադրում, մնացածի մասին տեղյակ չեմ»:
Մենք հետաքրքրվեցինք նաև, թե տեղյա՞կ են՝ ի՞նչ է ենթադրում՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, թե բանակցությունների սեղանին ոչ միայն 20 տոկոսն է, այլև` «ուրիշ բաներ»: Խոսրով Հարությունյանն ասաց, թե ինքը տեղյակ չէ, հանձնաժողովն էլ այդ հարցը չի քննարկել: