
Մոսկվայի Արբիտրաժային դատարանում «Նաիրիտի» գործը կքննվի հոկտեմբերին

Մոսկվայի Արբիտրաժային դատարանում հունիսի 18-ին կայացել է «Միջպետական բանկն՝ ընդդեմ «Rhinoville Property Limited» ընկերության» դատական հերթական նիստը՝ դատավոր Ա.Ա. Կոմարովի նախագահությամբ: Ինչպես նախորդ 2 նիստերում, այս անգամ էլ պատասխանող կողմը չէր ներկայացել: Ամեն դեպքում, Արբիտրաժային դատարանի առաջին ատյանում սկսվել է գործի քննությունը: Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի կեսերին:
Ենթադրվում է, որ մինչ այդ կհստակեցվի և վերջնականապես պարզ կդառնա՝ ի՞նչ զիջումների է պատրաստ գնալ ՀՀ կառավարությունը՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն ռուսական պետական «Ռոսնեֆտ» նավթային ընկերությանը վաճառելու համար:
Հիշեցնենք, որ «Նաիրիտը» ձեռք էր բերել իր նախկին կառավարիչ բրիտանական Rhinoville Property Limited ընկերության բաժնետոմսերը՝ որպես ժառանգություն ստանալով նաև Rhinoville-ի վարկային պարտավորությունը: Ընդհանուր առմամբ՝ «Նաիրիտը» Միջպետական բանկին պարտք է մոտ 170 մլն դոլար գումար: Միջպետական բանկը 5 պետությունների կենտրոնական բանկերի ջանքերով հիմնադրված կառույց է, որի հիմնական բաժնետերը ՌԴ ԿԲ-ն է: 2006թ. Միջպետական բանկը 70 մլն դոլարի չափով վարկային գիծ էր բացել «Նաիրիտի» համար, իսկ 2009թ. բանկը «Նաիրիտին» ևս 100 մլն դոլար վարկ էր հատկացրել: Որպես երաշխավոր՝ հանդես էր եկել Հայաստանի Հանրապետությունը՝ գործարանում իր 10% բաժնեմասով: Վարկը մինչ օրս չի մարվել:
Ամբողջական նյութը կարդացեք «168 Ժամի» վաղվա համարում: