Ինչից է ոգևորվել Տիգրան Սարգսյանը
Այսօր Երևանում մեկնարկած 6-րդ ամենամյա ԴիջիԹեք Բիզնես-ֆորումում ներկայացված ընկերությունների տաղավարներում շրջելուց հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ կիսվեց իր տպավորություններով: Ըստ նրա՝ ՏՏ բնագավառում աշխատող բոլոր ընկերությունները փորձում են կատարելագործել ՀՀ քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը և այդտեղ որոնումների մեջ են:
«Ես ուրախ էի, որ այսօր ինձ համար բազմաթիվ բացահայտումներ արեցի, թե տնից դուրս չգալով՝ ինչպիսի նոր ծառայություններից կարող եմ օգտվել: Դրանք և´ բանկային ծառայություններ են, և´ ապրանքներ ձեռք բերելու ծառայություններ են, դրանք ռեստորաններում պատվերներ տալու ծառայություններ են: Ինչպես նաև տեսա, որ սպառազինությունների բնագավառում մեր մասնագետները նոր տեխնոլոգիաներ են առաջարկում ռոբոտատեխնիկայի բնագավառում: Տեսա, որ բավականին լուրջ առաջընթաց կա, ծրագրավորման բնագավառում նախորդ տարվա հետ համեմատած ավելի կատարելագործված առաջարկներ են ներկայացնում: Տրանսպորտային միջոցների բնագավառում Երևանի քաղաքապետարանի պրոդուկտը խիստ օգտակար կլինի մեր քաղաքացիների համար, քանի որ բոլոր կանգառներում տեղակայված են լինելու տվյալների միասնական շտեմարաններ, և շատ հարմարավետ կլինի Երևանի տրանսպորտից օգտվելը: Այսինքն՝ բազմաթիվ նոր գաղափարներ են, և դա, իհարկե, շատ ոգևորում է մեզ»,- ասաց Տ.Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ֆորումը կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ): Ֆորումի հովանավորն է Ալյանս ազատ տնտեսական գոտին, աջակիցն է ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման և շուկայի մրցունակության ծրագիրը: