Էրդողանը հանդիպել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի ու հետախուզության ղեկավարի հետ
Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ընդունել է զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելին: Օզելի հետ հանդիպումը տևել է մեկուկես ժամ: Այս հանդիպման մանրամասների մասին ոչինչ չի նշվում:
Օզելից հետո Էրդողանն ընդունել է Ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար (MIT) Հաքան Ֆիդանին: Այս հանդիպումը տևել է երկու ժամ: Այս հանդիպման ժամանակ Հաքան Ֆիդանն Էրդողանին ներկայացրել է «Գեզի» այգու հետ կապված բողոքի ակցիաների վերաբերյալ առկա հետախուզական տվյալները:
Էրդողանն այսօր հանդիպելու է նաև նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ: Ակնկալվում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու «Չանքայա» նախագահական նստավայրում:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել էր, որ «Գեզի» այգու համար բողոքի ակցիաներ են անցկացվել Թուրքիայի 81 նահանգներից 78-ում, որոնց մասնակցել է ավելի քան 1 միլիոն ցուցարար: Արընչն ընդգծել էր, որ եթե անհրաժեշտություն առաջանա, ապա «Թաքսիմի» ցույցերին կարող են միջամտել նաև զինված ուժերը: