
Մահացել է հայտնի հոլիվուդյան դերասանը

Հունիսի 19-ին Հռոմում մահացել է ամերիկացի հայտնի դերասան Ջեյմս Գանդոլֆինին: Նա Իտալիայում անցկացնելիս է եղել իր արձակուրդը: Նախնական տվյալներով, 51-ամյա դերասանի մահվան պատճառը սրտի կաթվածն է:
Ընդհանուր առմամբ, Գանդոլֆինին նկարահանվել է 40-ից ավելի ժապավեններում, այդ թվում՝ «Նպատակ թիվ մեկ», «Խաղատան կողոպուտը», «Միայնակ սրտեր», «Սեր և ծխախոտներ», «Մարդ, ով չկար», «8 միլիմետր», «Մեքսիկացին»:
Սակայն Ջեյմս Գանդոլֆինիին համաշխարհային հռչակ բերեց «Սոպրանոների կլանը» հեռուստասերիալում մաֆիոզ գերդաստանի ղեկավարի՝ Թոնի Սոպրանոյի դերը: Հեռուստասերիալը 1999-2007 թվականներին ցուցադրվում էր HBO հեռուստաալիքի եթերում և մեծ հաջողություն ուներ ինչպես հեռուստադիտողի, այնպես էլ՝ կինոքննադատների շրջանում: Այս տարի Սցենարիստների ամերիկյան միության կողմից «Սոպրանոների կլանը» ճանաչվեց պատմության մեջ լավագույն հեռուստասերիալը:
Թոնի Սոպրանոյի դերի համար Ջեյմս Գանդոլֆինին 3 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակի և մեկ անգամ՝ «Ոսկե գլոբուսի»: