Սիրիայում «Հզբոլլահի» ռազմական գործողությունները կարող են հանգեցնել իսրայելական ագրեսիային. Լիբանանի նախագահ
NEWSru.co.il-ի փոխանցմամբ՝ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանը հայտարարել է, որ Սիրիական հակամարտությանը «Հզբոլլահ» խմբավորման մասնակցելը ողջ երկիրը վերածում է լարվածության օջախի: Նախագահի կարծիքով՝ դա սպառնում է նաև Լիբանանի անվտանգությանը, քանի որ կարող է առաջացնել իսրայելական ագրեսիա.
«Եթե նրանք մասնակցեն Հալեպի համար ճակատամարտին, ապա դա կհանգեցնի «Հզբոլլահի» շարքերում նոր կորուստներին ու լարվածության աճին: Բավական է, որ նրանք մասնակցել են Ալ-Քուսեյրի համար ճակատամարտին: Ժամանակն է, որ նրանք վերադառնան տուն»:
Նախագահն ընդգծել է, որ այս հայտարարությունն անելուց առաջ ուղիղ շփվել է «Հզբոլլահի» ղեկավարների հետ և հայտնել, որ Գոլանի բարձունքների վրա վերահսկողություն հաստատելու յուրաքանչյուր փորձ անպատասխան չի մնա Իսրայելի կողմից, որը կհարվածի ոչ միայն «Հզբոլլահին», այլև՝ ողջ Լիբանանին: