Լյովա Խաչատրյան. Էն ժամանակ վարկը տղամարդկանց էիք տալիս, հիմաբերել եք, ասում եք՝ կանանց եք տալիս

«Էն ժամանակ տղամարդկանց էիք տալիս: Հիմա վարկը բերել եք, ասում եք՝ կանանց եք տալիս»,- ԱԺ արտահերթ նստաշրջանում հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը` անդրադառնալով քննարկման դրված «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Կանանց ձեռներեցությանն աջակցման հատվածի զարգացման ծրագիր (Հատուկ գործառնություններ)» վարկային համաձայնագրին, որի համաձայն` կին գործարարներին տրվում են մանր ու միջին բիզնեսի զարգացմանն ուղղված բարելավված ինստիտուցիոնալ կարողություններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ: Ըստ համաձայնագրի` ԱԶԲ-ն Հայաստանին տրամադրում է 20 մլն դոլարի վարկ` տարեկան 10% տոկոսադրույքով:

«Դուք ի՞նչ է՝ կարծում էիք, որ եթե չասեք կանանց, մենք կըմբոստանանք ու չե՞նք հաստատի էս վարկը: Եվ դուք համոզված եք, որ այս վարկն այն վարկի ճակատագրին է արժանանալու, դրա համար ե՞ք դրել անունը՝ «կանանց…»: Ինչպիսի՞ մեխանիզմներ են ներդված, որպեսզի այս վարկն էլ չունենա նախորդի ճակատագիրը: Ես առաջարկել եմ, 10-20 խոշոր և միջին ձեռներեցների անուններով ցանկ տրամադրեք` տեսնենք, ով ինչքա՞ն վարկ է ստացել, ի՞նչ է արել: Արագածոտնի մարզում ես չգիտեմ որևէ ձեռներեց, որը վարկ է ստացել, նոր աշխատատեղ է ստեղծել ու դա գործում է: Ո՞ւմ եք տալիս այդ վարկերը` մի օր ցույց տվեք, հասկանանք»,- հետաքրքրվեց Լ. Խաչատրյանը:

Ի պատասխան՝ հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Լիանա Հունանյանը նշեց, թե «կին ձեռներեց» հասկացությունը բավական լայն է.

«Սեփականատերերի կամ տնօրենների խորհրդի 50 տոկոսն առնվազն կանայք են: Շրջանակը բավական մեծ է: Վարկերը չեն ուղղվելու միայն կին ձեռներեցներին, այլև` փոքր ու միջին ձեռներեցներին, ովքեր տղամարդիկ են: Խոշոր առմամբ՝ տարանջատում չկա: Կարելի է ասել` սա ամբողջությամբ գնալու է ՓՄՁ ոլորտի բարելավվմանը` պարզապես կնոջ շեշտադրումը մեծ է լինելու»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է մանր ու միջին բիզնեսի խոշոր ձեռնարկատերերի ցանկի տրամադրմանը, նա ասաց, թե գուցե դա բանկային գաղտնիք է, հակառակ դեպքում` այդ տեղեկատվությունը կարող է տրամադրվել:

«Ես երբեք ցանկություն չեմ ունեցել Հայաստանի բանկերից վարկ վերցնել, որովհետև դա կապալ է, և ոչ օգնություն»,- ավելացրեց Լյովա Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս